Articles

ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՀ-Ն ԿԽԹԱՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ . (ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 575 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆՈՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ – Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) մեկնարկում են նոր համատեղ ծրագիր աշխուժացնելու աշխատանքային շուկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ՀԲԸՄ-ն և ՀԱՀ-ն այս մասին հայտարարեցին ապրիլի 3-ին, Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնյաներ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀԱՀ-ն այստեղ անցկացրեց բաց դռների օր` տեղի լայն հասարակությանը ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերը, այդ թվում բակալավրի, մագիստրոսի և հատուկ դասընթացների ծրագրերը: Ստեփանակերտ այցելության օրերին ՀԱՀ և ՀԲԸՄ պատվիրակություներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ կրթական համակարգի զարգացման ջատագովներից է: Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ է բերում Հայաստանի ամերիկյան համալսարանը Ղարաբաղ և վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք Ձեզ բոլոր հնարավոր ուղղություններով□, ասաց Նախագահ Սահակյանը: “Ավելին, մենք մեր երախտագիտությունը Ձեզ կհայտնենք, Ձեր աշխատանքի արդյունքում մեր ունեցած առաջընթացով: Հավատացած եմ, որ դա կլինի այս ծրագրի հաջողության լավագույն արտահայտումը”: Այս հավակնոտ նպատակին հասնելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն կտրամադրի 575,000 ԱՄՆ դոլար` աջակցելու ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժնի կողմից Ղարաբաղում իրականացվող այս Երկարաժամկետ Կրթական Ծրագրին (ԵԿԾ): Այն կառաջարկի անգլերեն լեզվի ուսուցման վեց մակարդակ, ինչպես նաև հավաստագիր շնորհող չորս տարբեր դասընթացներ` Ռազմավարական բիզնես կառավարում, Գործադիր առաջնորդություն, Հանրային քաղաքականության մշակում և կառավարում, Զբոսաշրջություն և հյուրասիրության կառավարում: “Կրթությունը տնտեսության աճը խթանելու լավագույն գործիքն է, և ՀԱՀ-ն ոգևորված է ՀԲԸՄ-ի հետ աշխատելու այս հնարավորությունից և ներկայացնելու այնպիսի մի ծրագիր, որը կբացի նոր կրթական հնարավորություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն կրթական աստիճաններ և հաջողված կարիերաներ Ղարաբաղում, Հայաստանում և ողջ աշխարհում”,- ասաց ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը: “Այս ծրագրի միջոցով, ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժինը Ղարաբաղում կստեղծի բարձրորակ, երկարաժամկետ կրթական հնարավորություններ, որոնք կբացեն նոր դռներ, կքաջալերեն բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտությունը և կնպաստեն կայուն տնտեսական զարգացմանը”: ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժինն իր դասերը կմեկնարկի Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում, մինչ ՀԲԸՄ-ն կկառուցի նոր մշակութային և կրթական համալիր այս և այլ ծրագրերի իրականացման համար: Նախագահ Սահակյանը նշեց, որ ՀԲԸՄ-ն մի կազմակերպություն է, որն անբաժանելի մասն է ԼՂՀ-ի և Միության` այս նոր նախաձեռնությամբ հանդես գալը բոլորովին զարմանալի չէ: “Այսօր սկիզբ է դրվում նոր ժամակաշրջանի: ՀԲԸՄ ԼՂՀ համալիրը, երբ արդեն պատրաստ լինի, նոր հնարավորություններ ու նոր հորիզոններ կբացի Արցախի ժողովրդի առջև և իր ներդրումը կունենա երկրի կայուն տնտեսական զարգացման գործում: Նոր համալիրը, 1988թ.-ից ի վեր Ղարաբաղին օգնելու և սատարելու ՀԲԸ Միության որդեգրած հստակ ու անշեղ ուղղու բնական շարունակությունն է”,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Շինարարության ավարտից հետո ՀԲԸՄ ԼՂՀ նոր համալիրը կառաջարկի երիտասարդների և մեծահասակների համար նախատեսված տարաբնույթ ծրագրեր, ներառյալ ստեղծարար արվեստների, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում վերապատրաստման դասընթացներ: Դասերը հասանելի կլինեն թե’ ավագ դպրոցի և համալսարանների ուսանողներին, թե’ ձեռնարկատերերին ու կառավարության անդամներին: Ծրագիրը նաև կառաջարկի համալսարանի նախապատրաստական դասընթացներ, սեմինարներ կառավարման, հանրային հաղորդակցության և համակարգչային գիտելիքների ոլորտներում, ինչպես նաև գործնական քննարկումներ կարիերայի զարգացման, ինքնակենսագրական փաստաթղթերի լրացման և հարցազրույցների մասնակցության հմտությունների վերաբերյալ:

 

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: