Articles

ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ

 

Հունվարի 11-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների կազմակերպած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նվիրված տոնահանդես: Հանդիսությանն իրենց մասնակցությունը բերեցին Հայորդյաց Տների ավելի քան 360 սան, որոնց գեղեցիկ կատարումները հիացրեցին հանդիսատեսին: Չդադարող ծափողջույնները դրա վառ ապացույցն էին: Մեկ օրվա մեջ երեք անգամ տրված ելույթները չխանգարեցին, որ ամեն անգամ դահլիճը լիներ լեփ լեցուն: Խանդավառությունն այնքան մեծ էր, որ շատերը կրկին անգամ համերգներին ներկա լինելու ցանկություն էին հայտնում, սակայն ապարդյուն, քանի որ համերգները կազմակերպվել էին ՀԲԸՄ-ի և Վեհափառ Հայրապետի նյութական աջակցությամբ և հրավիրատոմսերը ներկաներին բաժանվել էին նախօրոք: Շուրջ 7000 տոպրակների մեջ ամփոփված նվերները ոչ միայն այդ օրը, այլ դեռ դեկտեմբերի 20-ից ի վեր, բաժանվում էին երեխաներին Հայորդյաց Տան սաների տարաբնույթ միջոցառումների և այցելությունների ժամանակ` ներառյալ մանկատներ ու վերականգնողական կենտրոններ: Ուրախ ենք, որ շնորհիվ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և նրա կողքին ամուր կանգնած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Ազգային Բարերարների, գոյություն ունեն Հայորդյաց Տները, որոնք էլ ամեն առիթ օգտագործում են իրականացնելու ինչպես Մայր Աթոռի, այնպես էլ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ազգանվեր և մարդասիրական մեծ ծրագրերի փոքրիկ մի մասը, այդ կերպ օրինակ ծառայելով մեր ազգակիցներին, որ կյանքում ապրելով մտածենք նաև այլոց մասին: Եղիր երջանիկ և երջանկացրու քո նմանին, որպեսզի ողջ ժողովուրդը լինի երջանիկ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: