Articles

ՀԲԸՄ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՆՈՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ ԼՂՀ-ՈՒՄ. 575 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ՝ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոկտեմբեր 2012-ին, Հայաստանում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ Ընդհանուր ժողովի օրերին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից իրագործելի կրթական եւ մշակութային մի նախաձեռնության մասին: Այսօր արդեն աշխատանքներ են տարվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական եւ արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ: Այս բազմակողմանի ու աշխույժ նախաձեռնությունը ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային թե գյուղական համայնքներում: Կենտրոնն սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին եւ այլ անձանց, նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաեւ ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում եւ այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ: Բացի այդ, կենտրոնն առաջարկելու է նաեւ երաժշտության, կառավարման եւ զբոսաշրջության զարգացման դասընթացներ: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. <<ՀԲԸ Միությունը գոհունակությամբ է հայտարարում Լեռնային Ղարաբաղում նոր ծրագրի մասին: Մենք համոզված ենք, որ որեւէ ազգի զարգացման հիմնական գործոնները կրթությունն ու մշակույթն են: ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրը դառնալու է ուսումնական գործունեության կենսունակ մի կենտրոն, որը նոր հնարավորություններ է տալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր խավերին>>: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր հերթին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում կրթությանը առաջնահերթություն տալու ՀԲԸՄ-ի նախաձենռությունը: Իրագործելու համար այս հանդուգն նախաձեռնությունը, ՀԲԸՄ-ն փետրվարին համաձայնագիր ստորագրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որով համալսարանն իր Extension Program կրթական հատուկ ծրագրի միջոցով զարգացնելու է Շարունակական դասընթացների (Continuing Education Program CEP) ծրագիրը: Այս ծրագիրը ժամանակավորապես գործելու է Ստեփանակերտում, մինչեւ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի կառուցումը, որն ակնկալվում է, որ կսպասարկի մի քանի հարյուր ուսանողի: ՀԱՀ-ի Շարունակական դասընթացների ծրագրի իրագործմանն աջակցելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հանձն է առել տրամադրել 575 հազար ԱՄՆ դոլար:
Տեսանյութի հղումների համար այցելեք.
www.youtube.com/watch?v=PW5pqMi7ywE&list=UU3yutohFhN89xD4u6GdSOKQ&index=56

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: