Articles

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Սիրիայում պատերազմը շարունակվում է: Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում և այլ քաղաքներում հայությունը կրում է մարդկային զոհեր ու նյութական ծանր վնասներ: Խույս տալով պատերազմից` հազարավոր սիրիահայեր ապաստանում են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հայաստանում և այլ երկրներում: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի որոշմամբ 1 մլն. ԱՄՆ դոլարի ֆոնդ էր առանձնացվել սիրիահայությանն օգնելու նպատակով: Միությունը գումարներ հանգանակելու կոչով դիմել էր նաև ողջ սփյուռքահայությանը: Այդ կոչին ընդառաջեցին շատերը: Հանգանակվեց 800 հազար ԱՄՆ դոլար, որից 250 հազարը կրկին Միության պատվիրակների ու հյուրերի կողմից ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում անցյալ հոկտեմբերին: ՀԲԸՄ-ի աջակցությունն իրականացվում է 3 ուղղությամբ` Սիրիա, Լիբանան, Հայաստան: ՀԲԸՄ-ի օգնության հիմնական մասն իրագործվում է տեղում: Սիրիայում գործող ՀԲԸՄ կենտրոնները և սիրիահայ շտապ օգնության մարմինը համադրում են մարդասիրական օգնության իրենց քայլերը: Անցնող ամիսներին ՀԲԸՄ արտակարգ իրավիճակի մարմինները Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում, Լաթաքիայում ու Քեսապում մարդասիրական օգնության ծրագրեր են իրագործել: Հունվար ամսվա դրությամբ Հալեպում 2705 ընտանիքներ ստացել են անհրաժեշտ սննդամթերք: Չորս հոգանոց ընտանիքի համար նախատեսված արկղերում եղել է բրինձ, ոսպ, ձավար, կաթ, շաքար, ձեթ, մակարոն, թեյ, յուղ, լոլիկի մածուկ, լվացքի հեղուկ և օճառ: Սնունդը բաժանվել է 3 փուլով: ՀԲԸՄ երիտասարդ կամավորներն օգնությունը հասցնում են այն ընտանիքներին, որոնք ի վիճակի չեն անձամբ ստանալ իրենց հատկացված արկղերը: Դամասկոսում նույնպես 250 ընտանիքի տրամադրվել է մեկ ամսվա սննդամթերք և դեղորայք: Պատրաստվել են նաև շտապ օգնության պայուսակներ: Քամիշլի քաղաքում սնունդ է ստացել 550 ընտանիք: Անմասն չի մնացել նաև հարակից շրջանների` Հասաքեի, Մալիքիեի ու Ռաս ուլ Այնի հայությունը: ՀԲԸՄ-ն հոգացել է նաև վիրավորների բժշկական խնամքի, հիվանդանոցի ու դեղորայքի, ինչպես նաև մահացածների թաղման ծախսերը: Թուրքական սահմանին մոտ ապրող սիրիահայերի հոգսերը նույնպես եղել են ՀԲԸՄ ուշադրության կենտրոնում: Սահմանամերձ Յաքուբիե հայկական գյուղը գրեթե դատարկվել է: Տեղի հայերը վերաբնակվել են Լաթաքիայում: ՀԲԸՄ-ն այստեղ նրանց օգնել է բնակարան գտնել: Քամիշլիի ՀԲԸՄ մասնաճյուղն ընդունել է սահմանային գյուղերից փախած հայերին: Նույնիսկ պատերազմական իրավիճակում, սիրիահայ աշակերտները շարունակում են հաճախել դպրոց: Նրանցից ոչ ոք, ՀԲԸՄ-ի շնորհիվ, ուսման վճարի պատճառով դուրս չի մնացել կրթօջախից: Միությունն օգնության ծրագրեր է իրականացնում նաև Սիրիայից սահմաններից դուրս: Լիբանանն առաջիններից էր, որ ընդունեց սիրիահայերին: Այստեղ սննդի և կեցության խնդիրներն օրհասական չեն: Աշխատանք էլ գտվում է բարեկամների օգնությամբ: Լիբանանում ավելի առաջնային է կրթության հարցը: ՀԲԸՄ-ն օգնում է Լիբանանում ապաստանած սիրիահայերին` հոգալով սիրիահայ աշակերտների կրթության ծախսերը: Այսօր Լիբանանում 100 սիրիահայ աշակերտների կրթաթոշակը տրամադրում է Միությունը: ՀԲԸՄ-ի կողմից կազմված օժանդակ հանձնախումբն անցնող ամիսներին տքնաջան աշխատանք տարավ Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության ուղղությամբ: ՀԲԸՄ-ն նրանց տրամադ-րեց ամսական 40-60 հազար դրամ, որն առավելաբար օգտագործվեց բնակվարձի համար: Սիրիահայ 600 ընտանիքներ ստացան այս նպաստը: 180 սիրիահայեր ստացան սննդամթերքի կտրոններ՝ մեկ անձին 10 հազար, ընտանիքին 20 հազար դրամ արժողությամբ: Այժմ խիստ կարիքավորներին տրամադրվում է դեղորայք, բժշկական օգնություն և տաք հագուստ: Հայաստան տեղափոխված սիրիահայերի հոգսերը թեթևացնելու համար ՀԲԸՄ-ն առ այսօր ծախսել է ավելի քան 58 միլիոն ՀՀ դրամ: ՀԲԸՄ-ն շարունակելու է օգնությունը: Շուտով կմեկնարկի հագուստի տրամադրման նոր ծրագիրը: Քննարկվում են Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության այնպիսի նոր ծրագրեր, որոնք ունեն առավել հեռանկարային ու հասցեական բնույթ: ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության <<Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն>>-ին` տրամադրելով տարածք և հոգալով անձնակազմի աշխատավարձերը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: