Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Հունվարի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և պարոն Սեդրակյանն անդրադարձան Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ. Աթոռի զորացման և Սբ. տեղյաց մեջ հայոց իրավունքների պաշտպանության գործին: Խոսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին Սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատեցին, որ Հայոց Եկեղեցին և ՀԲԸՄ-ն պետք է շարունակեն ամեն կերպ աջակցել սիրիահայ համայնքին` թեթևացնելու ծանր կացության մեջ հայտնված հայորդիների կարիքները: Քննարկվեցին նաև Հայաստանում և այլ երկրներում հաստատված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ուղիները: Զրույցի ընթացքում տիար Պերճ Սեդրակյանը մտահոգությամբ անդրադարձավ Սփյուռքում առկա հայապահպանության խնդիրներին և երիտասարդ սերնդի հայեցի կրթության անհրաժեշտությանը: ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում կարևորությամբ ընդգծեց Հայ Եկեղեցու դերակատարությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸ Միության համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տիար Սեդրակյանին Հայ Եկեղեցուն ցուցաբերվող շարունակական զորակցության համար:


ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ

Հունվարի 27-ին, Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և Երվանդ Զորյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ: Սբ. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առթիվ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Ի գնահատանք Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու <<Սբ. Ներսես Շնորհալի>> պատվո բարձր շքանշանով պարգևատրեց մի շարք բարձրագույն սպաների: Սեյրան Օհանյանն իր հերթին պարգևատրեց Արցախյան ազատամարտի մասնակից մի շարք հոգևորականների:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: