Articles

ՀԲԸՄ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 12-ը, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տները կազմակերպել էին միջոցառումներ և հանդիսություններ, որոնց ընթացքում ազատամարտիկների զավակներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցների երեխաներին, ինչպես նաև հենց իրենց` Հայորդյաց տների սաներին, բաշխվեցին ամանորյա նվերներ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Հունվարի 12-ին, Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ, Արամ Խաչատըրյան համերգասրահում կայացավ Հայորդյաց տների միասնական տոնահանդեսը, որն անցավ շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Հայորդյաց տների այս տարվա տոնահանդեսի հիմքում աշխարհասփյուռ հայությանը հայրենիք վերադարձնելու կոչն էր: Համերգից հետո բոլոր ներկաներին բաշխվեցին ամանորյա նվերներ: Դեկտեմբերի 1-ին, Հայորդյաց տների և ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների միջև տեղի ունեցավ կրոնական թեմայով խաղ-մրցույթ` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձին: Մրցույթին մասնակցում էին Աստվածաբանական ֆակուլտետի 1-2-րդ կուրսերի 12 ուսանող և Հայորդյաց տների 12 սան: 325-299 հաշվով վիկտորինայի հաղթող ճանաչվեց Աստվածաբանական ֆակուլտետի 1-ին թիմը: Մասնակիցներն արժանացան գրքերի, իսկ հաղթողները` նաև ուսապարկերի: Դեկտեմբերի 26-28-ին, Նորքի հայորդյաց տանը տեղի ունեցավ Ամանորյա դիմակահանդես փոքր և միջին տարիքի սա-ների համար, որին հրավիրված էին նաև Արագածոտնի թեմի աշխատակիցների երեխաները: Դեկտեմբերի 26-ին, Արաբկիրի հայորդյաց տանը բեմադրվեց «Փոքրիկ իշխանը» ներկայացումը: Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին ՀՏ երգչախմբի և պարային դասարանների սաները: Հրավիրված էին Արագածոտնի թեմի աշխատակիցների երեխաները, Քանաքեռ-Զեյթուն համայնքի դպրոցների աշակերտները և այլոք: Դեկտեմբերի 27-ին, Մալաթիայի հայորդյաց տանը տեղի ունեցավ Ամանորյա հանդես-ներկայացում «Հրաշագործ ծաղրածուն» խորագրով, որը հեղինակել էր ՀՏ մանկավարժ Արևիկ Սանթրոսյանը: Հրավիրված էին դպրոցների և հասարակական կազմակերպություններում ընդգրկված սոցիալապես անապահով երեխաները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: