Articles

ԱՐՑԱԽԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ XO ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ

Մեկնարկեց ՆՈՒՌ ծրագրի երկրորդ փուլը

Փետրվարի 6-ին, Ստեփանակերտի և Շուշիի դպրոցներում մեկնարկեց ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի II փուլը, որի ընթացքում 1-4-րդ դասարանների աշակերտներին բաժանվեցին XO համակարգիչներ և նրանք ծանոթացան համակարգչի ընձեռած հնարավորություններին: Սկզբնական շրջանում տրամադրվեց 100 համակարգիչ` երեք դպրոցներում բաց դասեր կազմակերպելու նպատակով: Հետզհետե գործընթացն ընդգրկեց Ստեփանակերտի և Շուշիի բոլոր դպրոցները: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանն այս առիթով ասաց. «Ծանոթության գործընթացի տևողությունը կախված է տվյալ դըպրոցի աշակերտների քանակից: Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի և Շուշիի բոլոր դպրոցներում ծանոթության դասերը կավարտվեն փետրվարի վերջին»: Աշակերտներին համակարգիչները կբաժանվեն մարտի վերջին: Գործընթացը հեշտացնելու և մեկշաբաթյա ժամկետում ավարտելու նպատակով պատրաստվում են ցուցակներ` աշակերտների անձնական տվյալներով: ՆՈՒՌ ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից է նաև ինտերնետի հասանելիությունը դպրոցներում: Այդ իսկ պատճառով ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներն այժմ ապահովվում են ինտերնետով: «Ըստ նախնական պայմանավորվածության` դպրոցներին ինտերնետ կապը տրամադրում է ԼՂՀ կառավարությունը, իսկ WiFi կապի համար անհրաժեշտ սարքավորումները կտրամադրվեն ՆՈՒՌ-ի կազմակերպիչների կողմից: Այդ հարցը կլուծվի մինչև մարտի կեսը», ասաց Ս. Բաղդասարյանը: Նա հավելեց նաև, որ աշակերտները կստանան XO համակարգիչները, նույնիսկ եթե տեխնիկական պատճառներով որոշ դպրոցներում WiFi կապի անցկացումը ձգձգվի: ՆՈՒՌ ծրագրում ընդգրկված Քարին տակ գյուղի դպրոցը ևս, չնայած որոշ դժվարությունների, կապահովվի համակարգիչներով: Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի դասվար Ռայա Բաղդասարյանը հավաստիացրեց, որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համակարգիչների նկատմամբ: «Աշակերտների մեծ մասը համակարգչից օգտվելու փորձ ունի, և ես համոզված են, որ որոշ ժամանակ անց նրանք մեզնից լավ կտիրապետեն XO համակարգչին ու ծրագրերին», ասաց նա: ՆՈՒՌ-ի առաջին` վերապատրաստական փուլն անցկացվեց անցյալ տարվա աշնանը, որի ընթացքում 1-4-րդ դասարանների և ինֆորմատիկայի 160 ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման նախ գործնական, ապա նաև հեռակա 6-շաբաթյա դասընթացներին` ուսումնասիրելով XO համակարգչի կրթական ծրագիրը: ՆՈՒՌ-ը նախաձեռնվեց 2011թ. հունվարին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի համատեղ ջանքերով և ԼՂ կառավարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Արցախի միջնակարգ դպրոցներն ապահովել համակարգիչներով և ինտերնետով: ՆՈՒՌ-ի շրջանակներում ընդհանուր առմամբ 3600 արցախցի աշակերտների կտրամադրվեն XO համակարգիչներ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: