Articles

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Փետրվարի 8-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Սեմ Սիմոնյանին և կենտրոնի տնօրինությանը: Ողջունելով կենտրոնի կրթական ծրագրերի իրականացումը` Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն առաջարկեց կենտրոնին: Խոսելով «Թումո» կենտրոնի գործունեության և առաքելության մասին` կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը նշեց, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ քաջալերում է մեզ, և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսում-նական համատեղ ծրագրեր իրականացնել», նշել է Սեմ Սիմոնյանը: Կենտրոնն անցկացնում է անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ դեռահասների համար: Քաղաքապետն իր շնորհակալությունն է հայտնել Սիմոնյան ընտանիքին նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի ամենամեծ այգիներից մեկի` Թումանյան այգու բարեկարգման ու կանաչապատման համար: Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Թումո» կենտրոնի հետ կրթական ծրագրերի շուրջ` հաշվի առնելով, որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում նույնպես միտված է կրթության որակի բարձրացմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: