Articles

ՀԲԸՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ <<Արշակուհի Դավիդյան>> հղի կանանց աջակցության նոր կենտրոնի պաշտոնական բացումը Երևանում: Սա ՀԲԸ Միության <<Հայ կին>> նախագծի թվով 5-րդ նմանատիպ կենտրոնն է Հայաստանի Հանրապետությունում: Բացման հանդիսավոր արարողությունը հայրենիքում էր համախմբել <<Հայ կին>> ծրագրի բազմաթիվ բարերարների, ընկերների ու աջակիցների, որոնք նշում էին թե ծրագրի տասնամյա գործունեությունն ու հաջողությունները, թե առաջիկա նախաձեռնությունները, որոնք շարունակելու են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հղի կամ վերջերս մայրացած կանանց: Նախորդ նմանատիպ կենտրոնների պես, որոնք բացվել են Գյումրիում, Թալինում, Վանաձորում և Եղվարդում, նոր բացված Երանյան կենտրոնը նույնպես ապահովված է բժիշկների, հոգեբանների ու իրավաբանների պրոֆեսիոնալ անձնակազմով, որոնք ամեն օր, անհատական հանդիպումների ու խորհրդատվությունների միջոցով, օգնում են կանանց բարելավել իրենց և իրենց նորածին երեխաների առողջական վիճակը: Մյուս կողմից անցկացվում են նաև խմբակային հանդիպումներ, որոնք օգնում են ստեղծել ամուր ընկերական հարաբերություններ երիտասարդ մայրերի միջև: Իր դռները բացելու առաջին իսկ օրվանից <<Արշակուհի Դավիդյան>> հղի կանանց աջակցության կենտրոնն օգնել է տասնյակ մայրերի, որոնք այնքան ոգևորված էին ծրագրով, որ ցանկություն հայտնեցին իրենց մասնակցությունը վավերացնել փաստաթղթով: Կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը հիանալի առիթ էր մասնակցության այդ վկայականները կենտրոնի ծառայություններից արդեն իսկ օգտված կանանց հանձնելու համար: <<Հայ կին>> ծրագրի դրական ազդեցությունն ու նշանակությունն է, որ ոգեշնչել է տիկին Դավիդյանին հիմնելու Երևանյան նոր կենտրոնը: 20 տարի շարունակ տիկին Դավիդյանը նվիրյալ աջակիցն է եղել <<Հայ կին>> ծրագրի տարբեր նախաձեռնությունների: Կազմակերպել է դասախոսություններ և սեմինարներ Հարավային Կալիֆորնիայում` միաժամանակ իր ներդրումը բերելով <<Հայ կին>> ամսագրի տպագրման և հայկական շրջանակներում տեղեկացվածության բարձրացմանը նպաստող հեռուստատեսային կրթական ծրագրերի պատրաստման գործում: Երևանում հղի կանանց աջակցության նոր կենտրոն հիմնելու հնարավորությունն անտարբեր չէր կարող թողնել նրան: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ <<Հայ կին>> հանձնախմբի հիմնադիր Սոնա Յակուբյանն իր երախտիքի խոսքն ուղղեց տիկին Դավիդյանի հասցեին, որն առանց հապաղելու, իր առատաձեռն նվիրատվությամբ, հնարավոր դարձրեց նոր կենտրոնի հիմնումը: <<Տիկին Դավիդյանի աջակցության շնորհիվ <<Հայ կին>> հանձնախումբն իրականացրեց տասնամյակներ առաջ իր առջև դրված տեսլականը` օգնել հայ կնոջն ու դարձնել նրան ավելի ուժեղ: Ամեն տարի մենք ականատեսն ենք, թե ինչպես է նոսրանում հայ բնակչությունը և թե ինչպես է շարունակվող աղքատությունն ազդում երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Այդուհանդերձ, ամեն օր, մենք ականատեսն ենք նաև նրա, թե ինչպես են մեր կենտրոններում կանայք ստանում երկու շատ կարևոր բան` հոգատարություն և ինֆորմացիա: Երիտասարդ կանայք, որոնք մեծացնում են հայերի նոր, առողջ և ուժեղ սերունդ, որը կփոխի աշխարհը>>, - ասաց Սոնա Յակուբյանը: Առ այսօր <<Հայ կինն>> օգնել է լույս աշխարհ բերել 1400 առողջ երեխաներ: Այս թիվը շարունակելու է աճել զուգահեռ այն փաստի, որ <<Հայ կինն>> իր գործունեությունն ընդարձակում է կենտրոններից դեպի դպրոցական դա-սասենյակներ: Երևանյան կենտրոնի բացման ժամանակ, ծրագրի ղեկավարներից մեկը` ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնի դեկան պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը նշեց, որ <<Հայ կին>> ծրագրի կրթական նյութերն այժմ ներառվում են սոցիոլոգիայի դպրոցական ծրագրերում: Սա բնական համագործակցություն է, քանի որ Կենտրոնի անձնակազմի մի մասն աշխատում է նաև ԵՊՀ-ում, և տեսականն ու գործնականն իրար կամրջելն էլ ավելի կօգնի փոխել առողջապահության ոլորտը Հայաստանում: <<Արշակուհի Դավիդյան>> հղի կանանց աջակցության կենտրոնի բացումը, որը համընկավ Հայաստանում անցկացվող ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովին, մի նոր էջ բացեց <<Հայ կին>> ծրագրի պատմության մեջ: Այդ նույն ժամանակահատվածում կատարված նվիրատվությունները <<Հայ կին>> հանձնախմբի անդամ Անահիտ Կարահակոբյանի և <<Հայ կին>> ծրագրի աջակիցներ տեր և տիկին Ժակ և Ֆլորին Դեյիրմենջյանների (Ֆրանսիա) կողմից էլ ավելի ամրացրին հանձնախմբի ջանքերը: Եվ այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան: ՀԲԸՄ Հայ կին Թալինի կենտրոնն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Մինչդեռ, հղի կանանց աջակցության բոլոր կենտրոններում աճում է կենտրոնների ծառայություններից օգտվել ցանկացողների թիվը: Այդ կանանց և ընտանիքներին օգնելու նպատակով այցելեք. www.hyegeen.com

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: