Articles

ՀԲԸՄ 87–ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ»-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ

Հոկտեմբերի 20–ին, Երեւանի Օղակաձեւ զբոսայգու` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածքում տեղի ունեցավ «Հայ բարերարների ճեմուղի»ի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին նաեւ ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովի պատվիրակները` գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի: Հայ մեծ բարերարներ` Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողների և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողի տեղադրումն իրականացվել է Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը կարդաց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ճեմուղու բացման պատիվն ունեցան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ինչպես նաեւ Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի անվան դպրոցների աշակերտները: Հանդիսավոր արարողությունից հետո ներկաները շրջեցին ճեմուղում, հուշաքանդակ-կիսանդրիների մոտ կանգ առնելով` ծանոթացան հայ բարերարների համառոտ կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնող ցուցավահանակների բովանդակությանը: Հայրենասիրական երգերի ու պարերի կատարումով ավարտվեց արարողությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և սփյուռքից: