Articles

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ. ԴՐ. ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ` ՀԲԸՄ ԿՎԺ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկեց Երևանում հոկտեմբերի 13-ին` հայրենիքում միավորելով Միության ավելի քան 300 անդամների քննարկելու ապագա ծրագրերն ու այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը շարունակելու է ունենալ իր անգնահատելի դերը Հայաստանում և ամբողջ աշխարհում: Տարբեր միջոցառումներով ու հանդիպումներով հարուստ շաբաթն արձանագրեց մի նոր սկիզբ ՀԲԸՄ ավելի քան 100-ամյա պատմության ու գործունեության մեջ: Սա մի նոր փուլ է, որն իր ուսերին կրելու է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական ժողովն իր վերընտրված կազմով և մեկ նոր անդամով` ի դեմս Դր. Նուբար Աֆեյանի: ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին` նախագահությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և մասնակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀԲԸ Միության կենտրոնական վարչական ժողովի և հարյուրավոր պատվիրակների: Միության 87-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում Կենտրոնական վարչական ժողովի 10 անդամներ վերընտրվեցին իրենց պաշտոններում: ՀԲԸՄ ԿՎԺ անդամներ` Արիս Ադամյանը, Ջոզեֆ Բասրալյանը, Նազարեթ Ֆըստըկջյանը, Վահե Գաբրաշը, Արդա Նազիրյան Հարութունյանը, Սարգիս Ջեբեջյանը, Լևոն Նազարյանը, Պերճ Սեդրակյանը, Սեմ Սիմոնյանը և Երվանդ Զորյանը, միասին տասնամյակներ շարունակ ծառայել են ՀԲԸՄ-ին: Նրանք բոլորը վերընտրվեցին իրենց պաշտոններում ևս չորս տարով: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը, որն արդեն իսկ կազմված էր հայկական աշխարհասփյուռ համայնքների ականավոր ներկայացուցիչներից, հարստացավ ևս մեկ անդամով: Դր. Նուբար Աֆեյանը միաձայն ընտրվեց ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ` իր հետ բերելով թե հասարակական և թե բիզնեսի ոլորտներում ունեցած իր հարուստ փորձը: Դր. Աֆեյանը վստահաբար իր անգնահատելի ներդրումն է ունենալու Հայաստանի զարգացման գործում: Նուբար Աֆեյանը հիմնադիրն ու գործադիր տնօրենն է Flagship Ventures ընկերության, ինչպես նաև 2000թ.-ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանի (MIT) Sloan կառավարման դպրոցում: Որպես գիտնական և ձեռնարկատեր իր 25-ամյա գործունեության ընթացքում Դր. Աֆեյանը համահիմնադիրն ու աջակիցն է եղել ավելի քան 25 գիտական և տեխնոլոգիական նախաձեռնությունների: 2008-ին նա պարգևատրվել է Ellis Island Պատվո շքանշանով, որը տրվում է այն ականավոր ամերիկացիներին, ովքեր պահպանելով իրենց ինքնությունը, միաժամանակ կարողացել են դառնալ Միացյալ Նահանգների արժանավոր քաղաքացիներ` ինտեգրվելով ամերիկյան կյանքին ու բարքերին: Դր. Աֆեյանը նաև համահիմնադիրն ու վարչության ադնամն է Հայաստանի Մրցունակության Ազգային Հիմնադրամի, որը խրախուսում է Հայաստանի տնտեսական առաջընթացը: ՀԲԸՄ-ն հպարտությամբ ողջունում է Դր. Նուբար Աֆեյանին որպես Կենտրոնական վարչական ժողովի նոր անդամ` նորանոր գաղափարների և նախաձեռնությունների ակնկալիքներով: