Articles

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԲԸ Միության 87–րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, հոկտեմբերի 19–ին, ՀԲԸՄ պատվիրակները, գլխավորությամբ նախագահ Պերճ Սեդրակյանի, այցելեցին ՀՀ Ազգային Ժողով, որտեղ նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում:

Ողջունելով ՀԲԸՄ պատվիրակների այցը Ազգային ժողով, Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք հետագա կապերի ամրապնդումը, նշելով, որ միասնականությամբ հզոր է թե Հայաստանը, թե Սփյուռքը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի խոսքերի համար, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալվել խորհրդարանում: Պատվիրակության անունից նա պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել հայապահպան ու մայր հայրենիքին սատարման առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները, օրենսդրական եւ վերահսկողական գործառույթները, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ԱԺ նախագահն անդրադարձավ արտագաղթին, շրջափակմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին: ՀԲԸՄ պատվիրակների խնդրանքով խորհրդարանի նախագահը ներկայացրեց այն քայլերը, որոնք Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են սիրիահայ համայնքին աջակցելու ուղղությամբ: Նա վստահեցրեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: