Articles

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԼԱ - ՀԱՄԵՐԳԸ

ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, ուրբաթ, հոկտեմբերի 19ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում տեղի ունեցավ ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովին նվիրված գալա-համերգը: Ավելի քան 1500 հանդիսականների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի քաղաքական ավագանու եւ մտավորականության ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՀԲԸՄ 87–րդ ընդհանուր ժողովի պատվիրակներ եւ հյուրեր:

Նախքան համերգի սկիզբը, մարզա-համերգային համալիրի շքեղ նախասրահում հանդիսականներն առիթ ունեցան դիտելու կենդանի պատկերներով ներկայացվող ՀԲԸՄ տարբեր ծրագրերը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, բացելով համերգը, հանդես եկավ կարճ ելույթով, որում մասնավորապես ասաց. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 87-րդ Ընդհանուր ժողովի պաշտօնական նիստի նախօրեակին, մենք մեծագոյն հաճոյքով համախմբուած ենք մարզահամերգային համալիրի այս դահլիճէն ներս, հպարտութեան եւ ազգասիրութեան զգացումներով տոգորուած, հաճոյքով ունկնդրելու եւ ոգեւորուելու մեր լաւագոյն տաղանդներու ելոյթներով:

Երկու օրերու աշխատանքային մեր հանդիպումներու ընթացքին, մենք վերահաստատեցինք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան աւելի քան մէկ դարու յանձնառութիւնը, հաւատքով եւ նուիրումով ծառայելու մեր ժողովուրդին, Հայրենիքին եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին: Հպարտ՝ ցարդ իրականացած բարգաւաճումի եւ յառաջընթացի երեւոյթներով, Հաստատակամ՝ մեր հաւաքական ուժերը ի գործ դնելու Հայաստանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի եւ Արցախի առաւել Բարգաւաճումին եւ հզօրացումին համար, Պատրաստ՝ դիմագրաւելու մեր դէմ ցցուող բոլոր դժուարութիւնները եւ հրամայականները, Ընդառաջ՝ Ցեղասպանութենէն վերապրումի Հարիւրամեակին եւ Ապագային: Ինչպէս անցեալին, այսօր նոյնպէս մենք կը հաւատանք, թէ հայրենի հողը՝ Հայաստան, եւ մեր հոգեւոր կեդրոնը՝ Ս.Էջմիածին, որոնց սեւեռած ենք մեր ճիգերը, մեր աշխարհասփիւռ ժողովուրդը միաւորող եւ մեր գոյատեւումը ապահովող անխախտ կռուաններնեն:

Համոզուած նաեւ, որ անոնցմով կ'արդիւնաւորուի սփիւռքի մէջ գոյապահպանումի մեր պայքարը: Մենք հպարտութեամբ այս համերգը կը նուիրենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 87-րդ Համագումարին, որ անգամ մը եւս հայրենիքի մէջ համախմբած է մեզ, եւ որ մեր Ընդհանուր Միութեան ազգանուէր ծառայութեան նոր հանգրուանի սկիզբը կը հանդիսանայ: Այժմ պատիւը ունիմ հրաւիրելու Հայաստանի Հանրապետութեան մեր սիրելի եւ կորովի Նախագահը՝ Մեծարգոյ Սերժ Սարգսեանը, որպէսզի փոխանցէ իր պատգամը:

ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովը ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այս առթիվ հանդես եկավ հատուկ ուղերձով (ուղերձը տրվում է առանձին): Համերգին իր Հայրապետական խոսքը բերեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ Աստծո շնորհն ու օրհնությունը հայցեց ՀԲԸՄ առաքելությանը: Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ հետո ՀԲԸՄ օրհներգները (Վեհափառի խոսքը տրվում է առանձին):

Համերգի գեղարվեստական ծրագրով հանդես եկան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը` ղեակավարությամբ Էտուարդ Թոփչյանի, Արա Գեւորգյանը իր նվագախմբի հետ, ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տան երգչախումբը, Բարեկամություն համույթի մենապարողներ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, օփերայի մեներգչուհի Իրինա Զաքիյանը եւ ուրշներ: Համերգի ընթացքում մեծադիր էկրանի վրա մերթ ընդ մերթ ներկայացվում էին ՀԲԸՄ պատմությունն ու նրա գործունեությունները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: