Articles

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

Հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից պատվիրակներն այցելեցին Երևանի կենտրոնում կառուցվող ՀԲԸ Միության Հայաստանի նոր կենտրոնատեղիի շինհրապարակ: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն` ուղեկցությամբ փոխքաղաքապետ և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի:

Իր ողջույնի խոսքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասաց, “Այս շենքն էլ ավելի է ամրացնելու ՀԲԸ Միության արմատները մայր հայրենիքում և հզորացնելու Հայասըան-սփյուռք կապը”: Նա հարթակ հրավիրեց ՀԲԸՄ Կենրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին` խոսելու շինարարական աշխատանքների և շենքի պատմական նշանակության մասին: Պարոն Յակուբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև բոլոր նրանց, ում շնորհիվ այս նախագիծն իրականություն դարձավ: Երախտիքի խոսք հնչեց հատկապես ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի և նրա տիկնոջ Արտեմիսի հասցեին, որոնց առատաձեռն նվիրատվության շնորհիվ այս շենքի կառուցումը հնարավոր դարձավ:

Պարոն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին այս նախագծի իրականացման գործում ՀԲԸՄ-ին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Արիս Աթամյանին` շենքի ճարտարապետական խորհրդատվության և դիզայներական լուծումների համար, Նարեկ Սարգսյան ճարտարապետական գրասենյակին և Հորիզոն-95 շինարարական ըկերությանը:

Վեհափառ հայրապետն իր օրհնության խոսքն ու աղոթքն ուղղեց ներկաներին ծրագրի հաջող ընթացքի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսեց ՀԲԸ Միության գործունեության մասին և ողջունեց այս նոր նախաձեռնությունը: Նոր կենտրոնատեղիում կգործի ՀԲԸ Միության Հայաստանյան գրասենյակը և այս նոր կառույցը հնարավորություն կտա ընդլայնել Միության Հայաստանում իրականացվող կրթական, մշակութային, մարդասիրական և երիտասարդական ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Այն իր հետ կբերի նոր եռանդ ու ռեսուրսներ` դառնալով մշակութային միջոցառումների նոր կենտրոն:

Հագեցած ժամանակակից սարքավորումներով, գրասենյակային բոլոր հարմարություններով, կոնֆերանսների և ցուցահանդեսների համար նախատեսված սրահներով, ճաշարանով և երկհարկանի ստորգետնյա ավտոկանգառով` այս շինությունը հավակնում է դառնալ Հայաստանի առաջնակարգ գրասենյակային շինություններից մեկը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014թ.-ի սկզբին: 5 հարկանի շինությունը 6800ք.մ. ընդհանուր մակերեսով կկառուցվի 1300ք.մ. հողատարածքի վրա` հայկական ճարտարապության ժամանակակից մեթոդներով ու արևմտյան շինարարական տեխնոլոգիաներով` ներառյալ հակավիբրացիոն շերտի տեղադրումը շենքի հիմքում` հարևանությամբ սլացող մետրոյի ձայնն ու ցնցումները մեկուսացնելու նպատակով: Այս փորձն արդեն երկար ժամանակ հաջողությամբ կիրառվում է Հայաստանում:

Ի հավելումն, ջերմամեկուսիչ արտաքինը և արդյունավետ էներգոխնայող համակարգը կօգնեն ստեղծել միջավայրակայուն շինություն: Այս նոր ու ժամանակակից շինությունը կունենա նաև պատմական արժեք. շենքի արտաքին տեսքի համար կօգտագործվեն 1906թ. Տաճարային հրապարակում (այժմ Շահումյան) կառուցված և հետագայում ապամոնտաժված Էրիվանի քաղաքային դումայի շենքի քարերը: Այդ շենքը, հարակից մի քանի այլ շինությունների հետ միասին, քանդվել է 2000թ. իր տեղը զիջելով այժմյան Կոնգրես հյուրանոցին: Այդ շենքի քարերը համարակալվել և պահպանվել են հարմար առիթով վերակառուցելու ակնկալիքով: ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում կազմակերպված այցի ժամանակ ցուցադրված էին թե այս պատմական շինության արխիվային պատկերները և թե ապագա շենքի համակարգչի միջոցով ստացված նկարները: Ցուցադրվող տեսանյութն էլ այցելուներին հնարավորություն տվեց ծանոթանալ շինարարության փուլերին:

“Այս շենքը խորհրդանիշն է ոչ միայն հայրենիքի հանդեպ մեր անսահման նվիրվածության և սիրո, այլ նաև մեր ապագա և ընդարձակվող ծրագրերի ու նախաձեռնությունների, որը նաև արտահայտված է ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի մեր կարգախոսում. Ապագային Ընդառաջ”, իր խոսքում նշեց ՀԲԸ Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: