Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ DORIANS-Ի ԲԱՑՈԹՅԱ ՀԱՄԵՐԳԸ ԹՈՒՄՈՅՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովի առիթով հոկտեմբերի 17-ին կազմակերպել էր Dorians ռոք խմբի բացօթյա համերգը Թումո կենտրոնում (Թումանյանի այգի, Հալաբյան 16): Համերգի մուտքն ազատ էր: Համերգը բացեցին Թումոյի սաներն իրենց Թումօրքեսթրա, Թումո Բենդ և Թումո Դենս նախագծերով` նորարարական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրությամբ: Այնուհետև բեմը տրամադրվեց Dorians-ին: Տղաներն իրենց կատարումներով պարզապես պայթեցրին Թումո կենտրոնում վեր խոյացած հսկայական բեմահարթակը: Վերջում ռիթմիկ երաժշտական կոլաժ ներկայացնրեց նաև DJ Serjo-ն: Համերգն ուղեկցվեց ՀԲԸ Միության գործունեության մասին պատմող կարճ տեսահոլովակներով: Եվս մեկ անիմացիոն տեսահոլովակ ՀԲԸՄ-ի մասին պատրաստել էին հենց իրենք` Թումոյի սաները: Այս համերգը ՀԲԸՄ-ի նվերն էր երիտասարդներին և բոլոր երաժշտասերներին: Հայաստանի և Սփյուռքի զարգացմանը միտված ՀԲԸՄ-ի գործունեության առանցքային մասն են կազմում երիտասարդների համար իրականացվող մշակութային, դաստիարակչական և կրթական ծրագրերը` այդ թվում սկաուտական ճամբարները, ամառային փորձառության ծրագրերը, «Բացահայտիր Հայաստանը» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերը, Հայորդաց տներն ու Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային ցանցը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ գործում է Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ուսանել մայրենի լեզու, պատմություն և մշակույթ` յոթ տարբեր լեզուներով: ՀԲԸՄ-ն հանդիսանում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիրներից մեկը և առ այսօր շարունակում է իր աջակցությունը այս կրթական հաստատությանը: ՀԲԸՄ-ն աջակցում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանին: Ի թիվս այս նախաձեռնությունների, ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀԲԸՄ-ի 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Ստեփանակերտում հայտարարվեց նաև ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնի ստեղծման մասին: Կենտրոնն իր մեջ կներառի Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժինը: Այս ծրագրով Լեռնային Ղարաբաղի ուսանողները հնարավորություն կունենան հաճախելու արդիական մեթոդներով անցկացվող մասնագիտական դասընթացներին՝ անգլերեն լեզվի կատարելագործման ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունների (TOEFL) նախապատրաստության գծով: Այդ ծրագրով դասընթացներ կանցկացվեն նաև կառավարման, տուրիզմի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների գծով: ՀԲԸՄ-ի նոր կրթական կենտրոնում կգործի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցող Արցախի երիտասարդությանը կտրամադրի յուրատեսակ ուսումնական փորձառություն:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: