Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում գումարվող 87–րդ Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, հոկտեմբերի 14–ին մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները կծանոթանան ԼՂՀ սոցիալ-տնտեսական կյանքին, ՀԲԸՄ-ի կողմից իրագործված ծրագրերին, հանդիպումներ կունենան հասարակայնության հետ և կայցելեն Շուշի ու Գանձասար: Հոկտեմբերի 15–ին տեղի ունեցավ ՀԲԸՄ պատվիրակների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և կառավարության անդամների հետ, որտեղ քննարկվեցին տարիների ընթացքում համատեղ իրագործված և ապագա ծրագրերը: ՀԲԸՄ-ի 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Ստեփանակերտում հայտարարվեց նաև ՀԲԸՄ նոր կրթական կենտրոնի ստեղծման մասին, որը կզբաղեցնի 30,000ք.մ. տարածք Ստեփանակերտի կենտրոնում: Այն իր մեջ կներառի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի ուսումնական ծրագրերը: Կենտրոնն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցող Արցախի երիտասարդությանը կտրամադրի յուրատեսակ ուսումնական փորձառություն, իսկ Լեռնային Ղարաբաղի ուսանողները հնարավորություն կունենան հաճախելու արդիական մեթոդներով անցկացվող մասնագիտական դասընթացներին՝ անգլերեն լեզվի կատարելագործման ու Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության քննությունների (TOEFL) նախապատրաստության գծով: Այդ ծրագրով դասընթացներ կանցկացվեն նաեւ կառավարման, տուրիզմի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների գծով: Կենտրոնը նաև կունենա շախմատի ակումբ և երաժշտական դպրոց Ղարաբաղի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար: Այցելության ավարտին ՀԲԸՄ-ի պատվիրակները ներկա կգտնվեն Լեռնային Ղարաբաղի կամերային նվագախմբի համերգին: Նվագախումբը 2004 թ. ստեղծվել է ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ ու վայելում է նրա հովանավորությունը: ՀԲԸՄ-ն սփյուռքում հետևողականորեն աջակցել է Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի տնտեսության վերականգնմանը: ՀԲԸՄ-ն աջակցել է նաեւ ԼՂՀ կառավարության պաշտոնյաների վերապատրաստման հատուկ դասընթացների ծրագրին: ՀԲԸՄ Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շնորհիվ վերականգնվել ու վերաբնակեցվել է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղը: Անցած տարիներին միությունը ԼՂՀ-ում իրականացրել է մարդասիրական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրեր` բնակելի շենքերի ու դպրոցների շինարարություն ու վերանորոգում: Միության բարերարներն ու անդամները մասնակցել են Արցախի հզորացմանն ուղղված համահայկական ծրագրերին:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: