Articles

ՀԲԸՄ “ՀԱՅ ԿԻՆ”-Ը ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ

ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի “Հայ կին” համախմբման նախաձեռնությամբ 2002թ. Հայաստանում գործում են հղի կանանց աջակցության կենտրոններ, որոնք խորհրդատվական ծառայություններ են տրամադրում, ինչպես նաև բժշկական հետազոտություններ կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղական համայնքներում ապրող հղի կանանց համար: Ընդլայնելով գործունեությունը` ՀԲԸՄ “Հայ կին” ծրագիրն այս անգամ հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` Հայաստան առաքելով հագուստ առավել կարիքավոր ու անապահով ընտանիքների համար: Այս բարեսիրական նախաձեռնության շրջանակներում հագուստ է տրամադրվում սոցիալապես անապահով, երբեմն ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին, մանուկներից մինչև մեծահասակներ: Ծրագիրն իրականացվում է հղի կանանց կենտրոնների, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ: Ծրագիրն սկսվեց ապրիլի 26-ին: Արմավիրի թեմում, ըստ նախապես պատրաստված ցանկի, շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներն այդ օրն ստացան ԱՄՆ-ից որպես օգնություն իրենց ուղարկված հագուստը: Չորս օր անց, ապրիլի 30–ին, բաշխման նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ նաև Եղվարդի հիվանդանոցում տեղակայված “Նորա Ինճիճեան” հղի կանանց կենտրոնում: Ծրագրի իրականացման առաջին երկու հանգրվաններին ներկա եղան ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսլյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժ/պ Հովիկ Եորդեկյանը, “Հայ կին” համախմբման բարերարներից տիկին Մարի-Լուիզ Ինճիճյանն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Լենա Բաղդասարյանը: Ներկաներն իրենց անսահման երախտագիտությունը հայտնեցին ՀԲԸՄ-ին, “Հայ կին” ծրագրին, անձամբ տիկին Ինճիճեանին և ծրագրի բոլոր աջակիցներին այս անհրաժեշտ օժանդակության համար` մեկ անգամ ևս շեշտելով “Հայ կին” ծրագրի արդյունավետությունն ու կարևորությունը: Մայիս ամսվա ընթացքում հագուստների բաշխման գործընթացը կշարունակվի Վանաձորի և Թալինի “Հայ կին” կենտրոններում, Տավուշի թեմում և Գեղարքունիքում: Այս տարի ՀԲԸՄ Հյուսիսային Կալիֆորնիայի երիտասարդ արհեստավարժները նույնպես որոշեցին 13-րդ ձմեռային հավաքի ընթացքում հանգանակված 8,500 ԱՄՆ դոլարը նվիրել “Հայ կին” ծրագրին և հղի կանանց աջակցության Վանաձորի, Թալինի և Եղվարդի կենտրոններին: Ստեղծումից ի վեր Հյուսիային Կալիֆորնիայի ԵԱ խումբն ավելի քան 67,000 ԱՄՆ դոլար է հանգանակել տարբեր ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ-ում և Հայաստանում:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: