Articles

ՀԲԸՄ-ի ԿԵՆՏՐՈՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ուրբաթ, ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ շենքի օրհնության կարգի արարողությունը` հանդիսապետությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տեր Հովնան Եպս. Հակոբյանի: Օրհնության կարգի արարողությանը մասնակցեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ պարոն Վազգեն Յագուբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը, ՀԲԸՄ Երևանի սկաուտները, ՀԲԸՄ հայաստանաբնակ անդմաներ ու հյուրեր: Օրհնության կարգի առիթով հավուր պատշաճի խոսք ասացին Վազգեն Յագուբյանն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժ/պ Հովիկ Եորդեկյանը: Վազգեն Յագուբյանը բացատրություններ տվեց նաև շենքի կառուցվածքի ու հարմարությունների մասին: Օրհնության կարգի կատարումից հետո ժամանակապարկուճի մեջ զետեղվեց հետևյալ արձանագրությունը. Այսօր, Ապրիլ 13-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Նախագահ Տիար Պերճ Սեդրակեանի նախագահութեան օրոք, Ձեռամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տէր Յովնան Եպս. Յակոբեանի, քաղաքամայր Երեւանի մէջ տեղի ունեցաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հայաստանի կեդրոնատեղի-շէնքի օրհնութեան կարգը: Սոյն արձանագրութիւնը զետեղուեցաւ` ի յիշատակումն այս հոգեպարար արարողութեան: Վերջում, ՀԲԸՄ անդամները միասնաբար երգեցին միության հիմներգը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն միայն վերջերս նախաձեռնեց իր սեփական կենտրոնի շինարարությունը Երևանի կենտրոնում` գնելով հողատարածք Մելիք-Ադամյան փողոցի վրա, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ: 1380 քառ.մ. հողատարածքի վրա կկառուցվի վեցհարկանի գրասենյակային շենք` երկու հարակից ստորգետնյա ավտոկանգառներով` ընդհանուր առմամբ զբաղեցնելով 6,700 քառ.մ. տարածք: Շենքը հագեցած կլինի ժամանակակից պայմաններով ու սարքավորումներով, ժողովների համար նախատեսված դահլիճներով ու ցուցասրահներով: Նոր շենքը կպահպանի Հին Երևանի ճարտարապետական շունչը` նրբորեն համաձուլելով նորագույն և էկոլոգիապես մաքուր շինարարական լուծումները շենքի հին ու պատմական տեսքի հետ, որը ժամանակին կառուցվել էր հարևան փողոցի վրա և հետագայում ապամոնտաժվել կառավարության որոշմամբ: Հայաստանում ՀԲԸՄ կենտրոնատեղի ծառայելուց բացի, նոր շենքը նաև կնպաստի Միության արդեն իսկ գործող կրթական, մշակութային, մարդասիրական և երիտասարդական ծրագրերի ընդլայնմանը, կտրամադրի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները նոր ծրագրերի իրականացման և նոր մշակութային կենտրոնի ստեղծման համար: Նորակառույց շենքը կխորացնի նաև ՀԲԸՄ-ի արմատները հայրենի հողում և կամրապնդի ու կհզորացնի Հայաստան-սփյուռք կապերը:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: