Articles

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ: Նախքան Պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին և Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար: Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Արիս Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Արևմտյան Ամերիկայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսրլյանը և ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: