Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 6-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Մարտի 28-ից ապրիլի 7-ը, Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում և Երևանում անցկացվեցին շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլի խաղերը: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն, որը հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է մրցաշարի անցկացմանն ու կայացմանը: Մրցաշարի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: Երևանյան կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մարտի 30-ին Երևանի քաղաքապետարանում, որին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, այլ պաշտոնյաներ, ծնողներ ու հյուրեր: Հաղթող ճանաչվեց Ավանի թիվ 170 դպրոցի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մալաթիայի թիվ 190 դպրոցը և թիվ 2 վարժարանը: Երևանյան այս երեք թիմերն էլ կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլում 15 այլ թիմերի հետ միասին ՀՀ ողջ տարածքից, ԼՂՀ-ից և Ջավախքից: Շախմատի 6-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 2-5-ը Գյումրիում: Ապրիլի 2-ին, Սմբատ Լպուտյանը և Աշոտ Ղազարյանը ներկա եղան նաև Արցախյան կիսաեզրափակչին, որտեղ հաղթող ճանաչվեց Քաշաթաղի դպրոցը: ՀՀ բոլոր մարզերում, Արցախում ու Ջավախքում կիսաեզրափակիչի հաղթող թիմերի բոլոր անդամները ՀԲԸՄ-ի կողմից պարգևատրվեցին նեթբուք համակարգիչներով: Մրցաշարի հաղթողները և նրանց մարզիչները նույնպես կարժանանան մրցանակների ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ: Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադան մեկնարկեց 2011թ. աշնանը: Օլիմպիադայի անցկացմանը մեծապես աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 5,700 շախմատի խաղատախտակ ու 150 շախմատային ժամացույց է բաժանել հանրապետության դպրոցներին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն արդեն հինգ տարի անընդմեջ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի հետ` հովանավորելով շախմատի հանրապետական համադպրոցական ամենամյա մրցաշարը: 2010-ին, ՀԲԸՄ-ն աջակցեց նաև շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի անցկացմանը, որը տեղի ունեցավ Երևանում, □Մեկ ազգ, մեկ մշակույթ□ համահայկական փառատոնի շրջանակներում և որին մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: