Articles

ՀԲԸՄ-Ի ԵՎ “ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ” ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Ապրիլի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից, ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում, Արցախի դպրոցականներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը` 3.500 XO համակարգիչներ, արդեն իսկ բաժանվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին: Համակարգիչների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը, ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը: ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց. “Բացառիկ օր է Արցախի երեխաների և ծնողների համար: Այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Անհնար է պատկերացնել լավ կրթություն առանց համակարգիչների: Դրա արդյունքները մենք կտեսնենք ապագայում”: ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը. “Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականցրել և իրականացնում Ղարաբաղում, և սիրով միացավ նաև Է.Էռնեկյանի այս նախաձեռնությանը, որը սիրով ընդունվեց համայնքի կողմից: Սա մեր երեխաների ապագան է, այս հրաշալի գործիքի միջոցով նրանք կհասնեն մեծ բարձունքների”: Սեբաստիան Արիաս Դյուվալն իր խոսքն ուղղեց աշակերտներին. “Մեր նպատակն այն է, որ գալիք սերունդները արժանի կրթություն ստանան: Ուրախ ենք, որ տրամադրում ենք ձեզ այս հրաշալի սարքը, որը ձեզ համար մեծ դռներ կբացի: Չնայած իր փոքր չափին, սա չափազանց հզոր գործիք է, որի միջոցով կհասնեք մեծ բարձունքների”: ՆՈՒՌ ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ՆՈՒՌ ծրագիրն իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ համատեղ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջող ընթացքն ապահովելու նպատակով: ԼՂՀ Կառավարությունն իր հերթին հանձն է առել դպրոցներն ապահովել գերարագ ինտերնետ կապով, որը ծրագրի հաջողության կարևորագույն բաղադրիչներից է: Ինտերնետ կապի տրամադրումից հետո, ծրագիրը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչներ տրամադրել Արցախի մյուս համայնքների դպրոցականներին, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն: ՆՈՒՌ-ը կառուցվեց OLPC: One Laptop Per Child (Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) ծրագրի հիմքի վրա: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից և միտված է զարգացող երկրների դպրոցականներին առաջնակարգ կրթական ծրագրերով հագեցած ժամանակակից համակարգիչներով ապահովելուն: Ծրագրի նպատակն է փոխել կրթական համակարգի ապագան: Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլև նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ: “Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը դիտում է միայն պատերազմի և տարածաշրջանային հակամարտության համատեքստում: Մարդիկ մոռանում են այնտեղ ծնված և ապրող երեխաների մասին: Այս երեխաները նույնպես կրթության և տեղեկացված լինելու իրավունքն ունեն: Իմ նպատակն է այս ծրագրի միջոցով լրացնել այդ բացը և ԼՂՀ երեխաներին ապահովել լավագույն կրթությամբ, որն այսօր կարող է առաջարկել աշխարհը”, ասաց պարոն Էռնեկյանը: ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: