Articles

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ 21 ՏԱՐԻ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՂ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ծրագրերը Հայաստանում բազում են` հայորդաց տներ, “Անդրանիկ” սկաուտական բանակում, ամառային ուսանողական փորձառության ծրագիր Երեւանում, “Բացահայտիր Հայաստանը” այցը սփյուռքահայ ուսանողների համար եւ այլն: Միության երիտասարդ արհեստավարժների խումբը (Young Professionals), որ ստեղծվել է 2007-ին, Հայաստանում եւ Արցախում իրականացնում է կրթական, մշակութային եւ սոցիալական գործունեություն: Բացի Երեւանից, երիտասարդ արհեստավարժների խմբեր գործում են նաեւ Հյուսիսային Կարոլինայում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Լիբանանում, Փարիզում եւ այլուր: Երեւանյան խումբը դեկտեմբերին մեկնել էր Գյումրի` օգնության ձեռք մեկնելու ծայրահեղ թշվառ վիճակում գտնվող Մխիթարյանների ընտանիքին: Շիրակի մարզում սոցիալական ծրագրեր իրականացնելու գաղափարը, ինչպես պատմում է Դուբլինի համալսարանի շրջանավարտ Աննա Աղաջանյանը , հղացվել է Յուտայի համալսարանում, որտեղ սովորում է հայաստանցի 13 ուսանող: Նրանք այնտեղ հիմնել են հայ ուսանողների միություն, որի նախագահը Գագիկ Մելիքյանն է: Միության անդամներից մեկը գյումրեցի է, որն էլ ընկերներին պատմել է երկրաշարժից ավերված իր ծննդավայրում առ այսօր սոսկալի պայմաններում ապրող ընտանիքների մասին: Ուսանողները դրամահավաք են կազմակերպելՙ որոշակի աջակցություն ստանալով նաեւ Ուտայի հայ օգնության ասոցիացիայի նախագահ Րաֆֆի Շահինյանից եւ դոկտոր Միրիամ Մաքֆադենից: Տեղեկանալով Ախուրյանում բնակվող Մխիթարյանների ընտանիքի սոսկալի վիճակի մասին, երիտասարդ բարեգործների երեւանյան խումբը որոշում է մեկնել այնտեղ եւ հնարավոր ամեն բան անելՙ գոնե այս ձմեռ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար: “Մխիթարյանների ընտանիքն արդեն 21 տարի ապրում է Ախուրյանի շրջանի Ջրաշինարարների փողոցում գտնվող 12 քմ երկաթյա տնակի մեջ: Ընտանիքի բոլոր անդամները` հայրը, մայրը, 3 զավակները, փեսան եւ նորածին երեխան, բնակվում են մեկ սենյակում, որի առաստաղին խոշոր անցքեր կան, եւ սառը քամին անընդհատ սողոսկում է ներս: Ընտանիքի մայրը` 53-ամյա տիկին Ամալյան 3 ամսից ավելի գամված է անկողնուն: Այս ընտանիքը պետությունից ոչ մի նպաստ չի ստանում, ապրում է իրականությունից դուրս, մարդկանցից օտարված”,- պատմում է Աննան: Փոքր հասակում ծնողների հետ Հայաստանից Իռլանդիա տեղափոխված, մաքուր եւ բարեկեցիկ պայմաններում մեծացած եւ կրթված Աննան ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է երկար տարիներ ապրել այդպիսի խեղճության եւ չքավորության մեջ: Մարդկանց աղքատությունից դուրս բերելու ձգտումն այնքան ուժգին է Աննայի մեջ, որ նա որոշել է մնալ Հայաստանում եւ ընկերների հետ սոցիալական ծրագրեր իրականացնել: Դրամ չունենալու պատճառով տիկին Ամալյան հիվանդանոց չի գնացել, եւ առողջական վիճակն օրեցօր բարդացել է: Նրան բժշկական օգնություն ցուցաբերելու համար ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը դիմել է Ախուրյանի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժշկին: Անմիջապես կատարվել է հետազոտություն, պարզվել է, որ կինը տառապում է արտրիտով: Բարեգործականի երիտասարդները նրա համար մեկ ամսվա դեղորայք են գնել, ընտանիքին ապահովել են վառելիքով, իսկ երբ իմացել են, որ նրանք մի քանի օր ոչինչ չեն կերել, հոգացել են նաեւ սննդի հարցը: “Մենք, իհարկե, կարող ենք այսպիսի մի քանի ընտանիքների օգնության ձեռք մեկնել, բայց չէ՞ որ կան պետական մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել կարիքավոր ընտանիքների հարցերով: Գիտեմ, որ Մխիթարյանների ընտանիքի պես հարյուրավորները կան, որոնց մեր խումբը ֆիզիկապես ի վիճակի չէ օգնել: Այդ ընտանիքին օգնեցինք եւս մեկ ձմեռ գոյատեւելու, բայց դրանով հարցը չի լուծվում: Ընտանիքում կա երեք տղամարդ, որոնք պատրաստ են շինարարական աշխատանք կատարելու, բայց անգործ են, որովհետեւ այնտեղ աշխատում են մրցույթում հաղթած երեւանյան շինբրիգադները: Սրանք խնդիրներ են, որ պետք է շտապ լուծում գտնեն, որպեսզի կարիքավոր ընտանիք ունեցողները կարողանան դուրս գալ չքավորությունից”, ասում է Աննան: Ինքը եւ իր ընկերները զարմանում են, որ երեւանցի երիտասարդներից շատերը գաղափար անգամ չունեն Գյումրիում կամ այլ քաղաքներում ապրող ընչազուրկ ընտանիքների մասին: Իրենց խմբում ընդգրկված են 22-40 տարեկան բժիշկներ, ճարտարապետներ, երաժիշտներ եւ այլ մասնագետներ, որոնք շաբաթը մեկ անգամ հանդիպում են մի նոր ծրագիր քննարկելու: Ամեն մեկն առաջարկում է իր կապերն ու հնարավորությունները, որպեսզի դրամահավաքից ստացված նվազագույն գումարով կարողանան հասնել նկատելի արդյունքի: Այդպես Գյումրիի մանկատան երեխաների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպել, բերել են Երեւան, տարել պետկրկես, հանդիպում են կազմակերպել երեխաների սիրած դերասանների եւ երգիչների հետ, վերանորոգել են մանկատան երկու սենյակները, գնել են համակարգիչներ, վարձել են անգլերենի եւ համակարգչի ուսուցիչների, որպեսզի դպրոցական կրթության հետ երեխաները կարողանան մասնագիտություն ձեռք բերել եւ եկամուտի աղբյուր ունենալ: Համագործակցել են նաեւ “Հաբիթաթի” հայաստանյան մասնաճյուղիՙ “Ֆուլլեր” ընկերության հետ, որը Հայաստանի տարբեր մարզերում կամավորների օգնությամբ անապահով ընտանիքների համար տներ է կառուցում. “Քսաներկու հոգով գնացինք Կոտայքի շրջան եւ մի ընտանիքի օգնեցինք իրենց տունը կառուցելու: Մեկ օրում կատարեցինք այն աշխատանքը, որ իրենք կկատարեին մեկ ամսվա ընթացքում: Մեր մոտակա ծրագրում ընգրկել ենք Վայոց Ձորի Խաչիկ գյուղը, որի գյուղապետը սենյակ է տրամադրել` գյուղի երիտասարդների համար տեղեկատվական կենտրոն բացելու: Պատկերացնո՞ւմ եք, ինտերնետից օգտվելու կամ որեւէ նյութ տպելու համար երիտասարդները հասնում են շրջկենտրոն: Մեր նպատակն է գյուղերում ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդները մնան եւ աշխատեն այնտեղե: Աննան աշխատում է ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակում, իր տնօրենությանը խնդրել է տրամադրել գյուղին ֆաքս, համակարգիչ, տպիչ: Ամանորյա արձակուրդներից հետո` փետրվար-մարտ ամիսներին խումբն իր գործունեությունը կընդլայնիՙ մեկ այլ գյուղում իրականացնելով բնապահպանական ծրագիր, որպեսզի այնտեղ եւս երիտասարդները զբաղմունք եւ եկամուտի աղբյուր ունենան ու չմտածեն գյուղը լքելու մասին: Ռուզաննա Պողոսյան, “Ազգ” օրաթերթ