Articles

ՀԲԸՄ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2006 թվականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 100-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության հրամանով "ՀայՓոստ" փոստային ընկերությունը Հայաստանում թողարկեց ՀԲԸՄ-ին նվիրված դրոշմանիշներ: Երեք դրոշմանիշներից բաղկացած գեղաթերթիկը պատկերում է ՀԲԸ Միության հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի դիմանկարը, Միության հիմնադիր ժողովի ատենագրությունը և Միության ցկյանս պատվավոր նախագահ Ալեք Մանուկյանի դիմանկարը և տպագրվել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության հետ համատեղ: Միության 100-ամյակի առթիվ և "ՀայՓոստ"-ի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի փոստային ծառայությունը նույնպես տպագրել էր դրոշմանիշ, որի վրա պատկերված է Ալեք Մանուկյանի արձանը, որը գտնվում է մեծանուն բարերարի անունը կրող փողոցի վրա, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Ղարաբաղի փոստային ծառայության տպագրած դրոշմանիշը շրջանառության մեջ է 2006 թվականից ի վեր, իսկ Հայաստանում տպագրված գեղաթերթիկը, մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվելուց հետո, վերջապես մեկանգամյա շրջանառության մեջ մտավ 2009-ին: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը Ամանորի և Սբ. Ծննդյան տոների կապակցությամբ Միության նախագահին, Կենտրոնական վարչական ժողովի անդամներին, մասնաճյուղերին, ղեկավար մարմիններին ու բարեկամներին շնորհավորական բացիկներ առաքեց` օգտագործելով այդ դրոշմանիշները: