Articles

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ

Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի “Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար” Ալեքսի Բ Պատրիարքի անվան 2009 թ. մրցանակի տվչության արարողությանը։ Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակը շնորհվում է պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների, Եկեղեցիների հովվապետերի, հասարակական խոշոր գործիչների` ուղղափառ հանրության կյանքում քրիստոնեական բարոյագիտության բարձր արժեքների հաստատման, Արևելյան քրիստոնեության միջավայրում պատմականորեն ձևավորված պետությունների տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հունվարի 21-ին Մոսկվայի Սուրբ Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների սրահում Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն, ով նաեւ Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Վեհափառ Հայրապետին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին հանձնեց ուղղափառ աշխարհում հեղինակավոր այդ մրցանակը: Կիրիլ Պատրիարքի և Հիմնադրամի նախագահ Վ. Ալեքսեևի կողմից մրցանակներ շնորհվեցին նաեւ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային (Սերբիա) և Ս. Վլադիմիրի ուղղափառ հոգևոր ճեմարանին (ԱՄՆ): Պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Շնորհակալություն հայտնելով Կիրիլ Պատրիարքի գլխավորած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին` Նորին Սրբությունն իրեն շնորհած մրցանակը նկատեց իբրև վկայություն հավատակից երկու ժողովուրդների, Եկեղեցիների ու պետությունների բարեկամական հարաբերությունների: “Աստծո կամքով օրհնվել է Քրիստոսի հանդեպ սիրո վեմին հաստատված եղբայրությունը մեր Եկեղեցիների, օրհնվել է մեր ժողովուրդների բարեկամությունը, և նույնական են դարձել մեր երկրների շահերը: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կռվել ու թրծվել է մեր ժողովուրդների կողք կողքի պայքարով, կողք կողքի արարումով: Այն վկայված է հոգևոր, մշակութային, քաղաքական, տնտեսական հաստատուն ու ամուր կապերով, մտավոր և գիտական ձեռքբերումներով, անշրջելի ու հարաճուն գործակցությամբ և ներթափանցել է ընտանեկան հարկերից ներս: Հիրավի, աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չեղավ և խոչընդոտ չէ մեր երկրների դաշնակցության”,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր եղբայրությանը։ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց ջանքերի մեկտեղումը` հանուն մեր երկրների զորացման, կյանքի բարօրության և երջանկության, ժողովուրդների առջև ծառացող խնդիրների հաղթահարման: Խոսելով հոգևոր կյանքի վերածննդյան կարևորության մասին` Վեհափառ Հայրապետը նշեց. “Առ Աստված հավատքի, հոգևոր-բարոյական արժեքների զորությամբ է, որ մարդկային հոգում անշրջելի պիտի լինի ընդհանուր բարիքի ձգտումը և բարի արգասիքներ պարգևեն խաղաղության, արդարության, ազատ ապրելու իրավունքի հիմնարար սկզբունքները”: Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալի սերը և հանապազ առաջնորդությունը ուղեկից լինեն մեր ժողովուրդներին, մեր երկրների պետական այրերին, մեր Եկեղեցիների ուխտապահ հոգևոր դասին, որպեսզի մեր կյանքով ու գործերով Աստված փառաբանվի և շենանան մեր Հայրենիքները և ամուր մնա ու հարատևի մեր բարեկամությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մրցանակի գումարը փոխանցեց Երևանում կառուցվող ռուս ուղղափառ եկեղեցու հիմնադրամին: Մոսկվա այցի ընթացքում Նորին Սրբությունը Կրեմլի Ս. Աստվածածնի վերափոխման տաճարում ներկա գտնվեց նաև Կիրիլ Պատրիարքի կողմից մատուցված Ս. Պատարագին, որի ավարտին երկու Հովվապետերը հանդես եկան պաշտոնական խոսքով: Նույն օրը Վեհափառ հայրապետը հանդիպում ունեցավ Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Վոլոկալամի Իլարիոն արքեպիսկոպոս Ալֆեևի հետ: