Articles

ՀԲԸՄ ԴԵՏՐՈՅՏԻ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Դետրոյտի Ալեք և Մարի Մանուկյան վար-ժարանի ավարտական դասարանի սաները, դպրոցի տնօրեն Հոսեփ Թորոսյանի և հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցչուհի Անահիտ Թումաջյանի գլխավորությամբ, մայիսի 5-13-ը այցելե-ցին Հայաստան: Ուղևորության շրջանակներում երիտասարդներն այցե-լեցին Էրեբունի թանգարան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Սարդարապատ, Ծաղկաձոր, Սևան, Գառնի, Ամբերդ, Արագած, Գեղարդ, ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին Օշականում, հարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում և ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերին: Մայիսի 6-ին, խումբը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում և հանդիպում ունեցավ ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի հետ: Վերջինս հակիրճ ներկայացրեց նախարարության գործունեությունը, խոսեց “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի և “Արի տուն” ծրագրի, ինչպես նաև հայ-րենիքում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող սփյուռքահայերի համար պետության սահմանած արտոնությունների մասին: Հոսեփ Թորոսյանը համառոտ ներկայացրեց վարժարանի պատմությունը: Մայիսի 9-ին, երիտասարդները բարձրացան Եռաբլուր` հարգելու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը: Նույն օրը նրանք այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, հանդիպեցին անձնա-կազմի հետ, ծանոթացան ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքներին: Խումբը եղավ նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տանը: Այցելությունը հայրենիք կազմակերպել էր մանկագիր, “Բարև տուն” կազմակերպության ղեկավար Զաբել Բերբերյանը: