Articles

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ "ԿՈՐԻԶ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ "Հանուն ժողովրդավարության. երիտասարդական սեմինար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար"

Մայիսի 20-24-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպայի գրասենյակի "Կորիզ" ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ "Հանուն ժողովրդավարության. Երիտասարդական սեմինար ժո-ղովրդավարության և քաղաքացիական հասարակարգի ամրապնդման համար" սեմինարների շարքը: Ծրագրի նպատակն էր մշակել նոր ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակության մեջ երիտասարդների ակտիվ դերակատարությանը: Եվրոպական Հանձնաժողովի “Youth in Action” ծրագրի կողմից ֆինանսավորվող այս սեմինարին մասնակցեցին 20 երիտասարդներ Եվրոպական Միության երկրներից` ներառյալ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Բելգիայից և Բուլ-ղարիայից, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցող Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից և Թուրքիայից: Ծրագիրը ղեկավարում էր ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը` համագործակցելով ութ կազմակերպությունների հետ. ACAB (Իսպանիա), Ժամանակ (Թուրքիա), Inside Europe (Բելգիա), HAIK (Գերմանիա), ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչություն (Հայաստան), SIVAM (Ռուսաստան), ՀԲԸՄ Դամասկոսի (Սիրիա) և Սոֆիայի (Բուլղարիա) մասնաճյուղեր: Սեմինարի շրջանակներում Երևան ժամանեց նաև ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ, վերջերս Ֆրանսիայում անց-կացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Իլ դը Ֆրանս տարածաշրջանի (Փարիզ և շրջակայք) խորհրդի անդամ ընտրված Ալեքսի Գյովջյանը: Զեկուցումներով հանդես եկան նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և տնտեսական հարցերով առաջին խորհրդական Օննո Սիմոնսը, ՀՀ նախագահի աշ-խատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարություն-յանը, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՀԲԸՄ Եվրոպայի Խորհրդի անդամ և ԵՄ կառույցների հետ հարաբերությունների պատասխանատու Նիքոլա Դավիթյանը (Բելգիա), “Youth in Action” ծրագրի դասվարներ Ռուզաննա Իվանյանը (Ռուսաստան) և Արեգ Թադևոսյանը (Հայաստան): Զեկուցումների ու քննարկումների ընթացքում արծարծվեցին երիտա-սարդության ակտիվ դերի բարձրացման, եվրոպական տարաբնույթ ծրագրերում հայ երիտասարդության մասնակցության, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտոիտի կայացման, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերությունների տարբեր ասպեկտներին ու Հայաստանի արտաքին քաղա-քականությանն առնչվող հարցեր: Սեմինարների մասնա-կիցները աշխատանքային խմբերում քննարկեցին ու մշակեցին երիտասարդական ծրագրեր, որոնք կարող են համախմբել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին և նրանց գիտելիքները ծառայեցնել հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը: Մայիսի 21-ին մասնակիցներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն, որտեղ հանդիպում ունեցան նա-խարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ողջունելով հյուրերին` տիկին Հակոբյանն անդրադարձավ նախա-րարության և ՀԲԸՄ-ի միջև ծավալված սերտ համագործակցությանը, ե-րիտասարդներին ծանոթացրեց նախարարության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նախարարը հորդորեց երիտասարդներին իրենց գիտելիքներն ու նորարարական գաղափարները ներդնել Հայրենիքի շենացման գործում, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդներին կոչ արեց ավելի ակտիվ լինել քաղաքականության բնագավառում: Մայիսի 22-ին սեմինարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև շրջեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մայիսի 23-ին սեմինարի մասնակիցները` գլխավո-րությամբ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյովջյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի և ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդի անդամ Նիքոլա Դավիթյանի, այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով սեմինարի մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման ծրագիրն ու հորդորեց երիտասարդներին առավել ընդգրկվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմական կառույցներում: Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու ՀԲԸ Միությունը` հայ ժողովրդի ազգային ու հոգևոր արժեքների պահպանման գործում, նույն առաքելությունն ունեն: Նա կոչ արեց երիտասարդներին սփյուռքում ապագա ղեկավար դիրքերի ստանձման ճանապարհին սերտորեն համագործակցել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ: Վեհափառ Հայրապետը, նշելով բազմաթիվ սփյուռքահայերի օրինակը, պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ըն-դունելու երիտասարդ սփյուռքահայերի, որոնք կարող են իրենց գիտելիքներն ի սպաս դնել հայ եկեղեցուն` թե հոգևոր ծառայության և թե եկեղեցական այլ կառույցներում: Մայիսի 24-ին սեմինարի մասնակիցներին ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց ՀԲԸՄ Եվրոպայի "Կորիզ" ծրագիրը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ խորհրդարանն ունի երիտասարդ անդամներ, որոնք ակտիվերոն ներգրավված են օրենսդիր գործունեության մեջ: Մտադրություն կա նաև նախաձեռնել երիտասարդական խորհրդարան: Հովիկ Աբրահամյանը երիտասարդներին ներկայացրեց ԱԺ-ի կառուցվածքը, գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին: "Կորիզ" ծրագրի մասնակիցները ծա-նոթացան նաև Հայաստանի մշակութային կյանքին: "Կորիզ"-ը ՀԲԸՄ եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում և Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:

 

 

Տեսանյութ

 

end faq