Articles

ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ 20-ԱՄՅԱ ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ KARNTNER SPARKASSE ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Դասական երաժշտության համաշխարհային կենտրոն համարվող Ավստրիան, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեկ հարկի տակ էր հավաքել դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված ու ազդեցիկ դեմքերին: Մայիսի 31-ից հունիսի 6-ը Ավստրիայի Կերնտն շրջանում տեղի ունեցավ աշխարհահռչակ Kärntner Sparkasse ջութակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցում էին 96 երիտասարդ և տաղանդավոր ջութակահարներ աշխարհի 30 երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից, Չինաստանից, Գերմանիայից և Ճապոնիայից: Այս տարի մրցույթին մասնակցում էր նաև 20-ամյա Անուշ Նիկողոսյանը Հայաստանից, որին համաշխարհային ժյուրին ճանաչեց լավագույնը 96 մասնակիցների թվում: Անուշ Նիկողոսյանը միավորների մեծ առավելությամբ հաղթեց երկրորդ տեղը զբաղեցրած Իվա Միլետիչին և եզրափակիչի մյուս չորս մասնակիցներին` շահելով միջազգային մրցույթի 10,000 եվրո գլխավոր մրցանակը: Անուշը նաև արժանացել է հատուկ մրցանակի մրցույթի առաջին փուլում Մոցարտի կոնցերտի լավագույն կատարման համար: 2001թվականից ընթացող այս մրցույթն ամեն տարվա մայիս ամսին իր վրա է սևեռում աշխարհի երաժշտասեր հասարակայնության ուշադրությունը: Ժյուրիի կազմում մշտապես ընդգրկվում են աշխարհահռչակ երաժիշտներ, դիրիժորներ, պրոդյուսերներ ու երաժշտական քննա-դատներ: Մրցույթն ընթանում է 3 փուլով: Առաջին երկուսում մասնակիցները հանդես են գալիս մենակ, իսկ 3-րդ փուլում, եզրափակիչ անցած վեց մասնակիցներն արդեն նվագում են նվագախմբի ուղեկցությամբ, որն այս անգամ ելույթ ունեցավ ՀՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկա-վարությամբ: Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված էին այնպիսի ճանաչված անուններ ինչպիսիք են Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Ցյուրիխի և Դրեզդենի օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, և Մետրոպոլիտեն օպերային թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր մաեստրո Ֆաբիո Լուիզին (նախագահ, Ավստրիա), Suisse Romande նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր (ինտենդանտ) և գեղարվեստական ղեկավար Ստիվ Ռոջերը (Շվեյցարիա), Օստինի սիմ-ֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Պիտեր Բեյը (ԱՄՆ), Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ-մայստեր Անտոն Սորոկովը (Ավստրիա), Վիեննայի և Ֆլորենցիայի երաժշտական ակադեմիաների պրոֆոսոր Պավել Վերնիկովը (Ավստրիա), Ճապոնական Sapporo երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Քենի Չենը (Ճապոնիա), Klagenfurt Musikverein-ի գեղարվեստական ղեկավար Էռնեստ Հոյցլը (Ավստրիա), Schönbrunen երաժշտական գործակալության ներ-կայացուցիչ Սոնյա Շտայնդլը (Ավստրիա), համաշ-խարհային ամենահայտնի երաժշտական քննադատներից մեկը` Վիլհելմ Սինկովիչը (Ավստրիա): Բացի գումարային մրցանակից Անուշը նաև աշխարհահռչակ Ֆաբիո Լուիզիի ղեկավարությամբ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2 համերգի պայմանագիր է ստորագրել, որոնք տեղի կունենան 2011 թվականի փետրվար ամսին, ստացել է տարբեր միջազգային փառատոնների, այդ թվում նաև Ճապոնիայի Sapporo փառատոնին մասնակցելու և հանրահայտ բեմերում ելույթներ ունենալու 14 հրավեր: Անուշ Նիկողոսյանը ծնվել է 1990 թվականին Երևանում: 1995-2003թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2005-ին ավարտել է Երևանի Պետական Կոնսերվատորիան: Անուշն այժմ սովորում է Մյունխենի Երաժշտական Բարձրագույն Ակադեմիայի 3-րդ կուրսում: Նա արժա-նացել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից տրամադրվող ամենամյա կրթա-թոշակին և արդեն 3-րդ տարին է ՀԲԸՄ-ն հոգում է Գերմանիայում Անուշի կեցության ծախսերը: Նրա ուսուցիչներն են Գերմանիայի Ռադիոյի Սիմֆոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Քրիստոֆ Պոպենը և Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Անուշը մասնակցել է տարբեր մրցույթների Երևանում, Դուբայում, Կաունասում և Մոսկվայում և շահել մրցանակներ: Նա ելույթներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Սիրիայում, Ռուսաստանում և Գերմանիայում: Որպես մենակատար ելույթ է ունեցել Երևանի Սիմֆոնիկ, Հայաստանի Ֆիլհարմոնիկ, Սերենադ Կամերային և Կաունասի Կամերային Նվագախմբերի հետ: