Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` 1 ՏԱՐԵԿԱՆ

Ուսումնական 4 շրջան և ավելի քան 500 ուսանող աշխարհի 35 երկրից. Հուլիսի 2-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր գործունեության մեկամյակը: Կազմակերպված օնլայն ֆորումին մասնակցեցին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր-նախագահ Դոկտ. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի և Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Մեկնարկելով 2009թ. հունիսին` ՀՎՀ-ն դարձել է հայկական առաջին օնլայն համալսարանը, որն իր առջև նպատակ է դրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական կրթությունը մատչելի դարձնել ամբողջ աշխարհում: Մինչ օրս ՀՎՀ-ն ունեցել է ուսումնական չորս շրջան, որին մասնակցել է ավելի քան 500 հոգի աշխարհի 35 երկրից` սկսած ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, որոնք ապահովում են մասնակիցների մեծամասնությունը, ընդհուպ մինչև Վենեսուելայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ռեյունիոն կղզուց: ՀՎՀ-ում ուսուցումն անց է կացվում վեց լեզվով` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն: Ֆորումին Դոկտ. Երվանդ Զորյանը ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի մեկամյա գործունեությունը և ձեռքբերումները: Աշխարհում ամենամեծ օնլայն կրթական հաստատության՝ Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը ներկայացրեց օնլայն կրթության բնագավառի զարգացումներն ու նորարարությունները, խոսեց այս ոլորտի վիճակագրության մասին: Օնլայն կրթության առանձնահատկությունների մասին խոսեցին նաև ոլորտի մասնագետներ պրոֆ. Մոլի Ֆրիմոնը (Բերքլիի համալսարան, ԱՄՆ) և պրոֆ. Նելսոն Բալոյանը (Չիլի): Կենդանի բազմակողմ համացանցային կամրջի միջոցով ֆորումին մասնակցեցին նաև վիրտուալ համալսարանի աշխարհի տասնյակ երկրներում բնակվող ուսանողներ, օնլայն ուսուցիչներ, հեռավար կրթության ոլորտի մասնագետներ: Կապ հաստատվեց Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրներում ապրող ՀՎՀ ուսանողների հետ, ովքեր ներկայացրին ուսման իրենց փորձը և պատասխանեցին ներկաների հարցերին: Բացի օնլայն դասերից, որոնց ընթացքում օնլայն ուսուցիչը վիրտուալ կապ է հաստատում դասընթացի մասնակիցների հետ, Հայկական վիրտուալ համալսարանը ներմուծել է նաև ուսուցման խառը մեթոդը. ավանդական դասարանին միանում է օնլայն ուսուցիչը և դասն անցկացնում դասվարի հետ: Ուսուցման այս մեթոդով ՀՎՀ դասերին հաջողությամբ մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների Օհաննեսյան դպրոցի աշակերտները: Դպրոցի հոգաբարձության ատենապետ Հրաչ Բրոնսուզյանը համացանցային կամրջի միջոցով նույնպես մասնակցեց ֆորումին և իր տպավորությունները կիսեց ներկաների հետ: Կապ հաստատվեց նաև Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան երկրորդական վարժարանի հետ, որը շուտով ՀՎՀ-ի հետ սկսելու է նմանատիպ համագործակցություն: Շնորհավորելով ՀՎՀ-ին մեկամյա գործունեության կապակցությամբ` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին և Երևանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմին միջազգային կարգի համալսարան ստեղծելու համար: Նա նաև առաջարկեց ՀՎՀ բոլոր շրջանավարտներին հրավիրել Հայաստան այստեղ հանձնելու ավարտական վկայականները: Այսօր ՀՎՀ-ում գործում է երեք ֆակուլտետ` լեզվի, պատմության և մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: Հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և հայկական ճարտարապետության ներածության առարկաներին շուտով կավելանա ևս մեկը` հայ երաժշտության պատմությունը, որի մասին ֆորումի ընթացքում խոսեց դասընթացի ղեկավար պրոֆ. Մհեր Նավոյանը: ՀՎՀ զարգացման ծրագրի ղեկավար Արթուր Ավագյանը ներկայացրեց ՀՎՀ ուսուցման կառավարման համակարգը, իսկ օնլայն ուսուցիչները խոսեցին դասընթացներում կիրառվող խմբային աշխատանքների, ֆորումների, հանձնարարությունների մասին: Աշ-խարհով մեկ սփռված հայ համայնքների վրա ՀՎՀ ազդեցության մասին իրենց կարծիքները հայտնեցին Թալար Քազանջյանը Վրաստանից և Դավիթ Աբրահամյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Ֆորումի ավարտին մասնակիցներն այցելեցին ՀՎՀ գրասենյակ՝ տեղում ծանոթանալու համալսարանի աշխատանքներին և համտեսելու ՀՎՀ 1-ամյակի թխվածքը:

 

 

Տեսանյութ

 

end faq