Articles

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների վերա-պատրաստման ծրագրին մասնակցելու նպատակով աշխարհի 16 երկրներից Հայաստան ժամանած 70 ուսուցիչներ հուլիսի 19-ին այցելեցին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան, ծանոթացան համալսարանի գործունեության, անցած մեկ տարվա արդյունքների ու ձեռքբերումների հետ, խոսեցին իրենց համայնքների հայկական դպրոցներում այն կիրառելու հնա-րավորությունների մասին: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը համառոտ ներկայացրեց վիրտուալ համալսարանի ստեղծման պատմությունն ու նպատակները, իսկ ՀԲԸՄ ՀՎՀ կրթական տնօրեն Դոկտ. Հասմիկ Խալափյանը խոսեց համալսարանի դասընթացների, կիրառվող կրթական մեթոդների, հեռավար կրթության առավելությունների և սփյուռքի հայկական դպրոցներում համալսարանի դասընթացների կիրառման հնարավորությունների մասին: Վիրտուալ համալսարանի գործունեությունն ու դասընթացների բովանդակությունը հյուրերի համար էլ ավելի պատկերավոր ու մատչելի դարձնելու համար ՀՎՀ օնլայն ուսուցչուհիները կազմակերպեցին նաև ՀՎՀ դասընթացների համառոտ ցուցադրություն: Հանդիպմանը ներկա սփյուռքահայ տարբեր համայնքների հայկական դպրոցներ ներկայացնող ուսուցիչներին հատկապես գրավեց ՀՎՀ-ի ներմուծած ուսուցման խառը մեթոդը, որի ժամանակ օնլայն ուսուցիչը միանում է ավանդական դասարանին և դասն անցկացնում դասվարի հետ: Շարժայի Օհաննեսյան դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Փիլիպոսյան-Կարագիզլյանը, որը նույնպես հյուրերի թվում էր, իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀԲԸՄ-ին և ՀՎՀ-ին, ներկայացրեց Օհաննեսյան դպրոցի և ՀՎՀ-ի միջև ձևավորված համագործակցության փորձը և հաստատեց ուսուցման խառը մեթոդի արդյունավետության փաստը: Վերջում Աշոտ Ղազարյանը և Հասմիկ Խալափյանը պատասխանեցին ներկաների բոլոր հարցերին: ՀՎՀ-ն իր առջև նպատակ է դրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական կրթությունը մատչելի դարձնել ամբողջ աշխարհում: