Articles

ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՐԹԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Ծաղկաձորում գումարված գրողների համահայկական, ինչպես նաև սփյուռքի համայնքներում արևմը-տահայերենի դասավանդման վիճակին նվիրված համաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանն իր տիկնոջ հետ: Հուլիսի 7-ին, տեր և տիկին Թերզյաններն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան մասնակցելու Հայաստանի ազգային գրադարանի օրվա կապակ-ցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ազգային գրադարանի օրը Հայաստանում նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին: Տոնի առթիվ ՀԲԸ Միության Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ, Կահիրեի ՀԲԸՄ “Տեղեկատու” պաշտոնաթերթի և “Արեգ” արաբատառ պարբերականի խմբագրությունների խորհրդական, եգիպտահայ մտավորական Պերճ Թերզյանն ազգային գրադարանին հանձնեց Կահիրեում լույս տեսնող “Արև” թերթի 1915-2000թթ. թվայնացված հարուստ հավաքածուն: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արժեքավոր նվիրատվության համար, ինչպես նաև շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին իրենց տոնի առթիվ: Խոսելով թվայնացված հավաքածուի պատմական արժեքի մասին` Պերճ Թերզյանը շեշտեց եգիպտահայ պարբերական մամուլի ընտանիքի մաս կազմող “Արև”-ի 1915-1923թթ. լույս տեսած համարների պատմական նշանակությունը, որոնց էջերում լույս էր սփռվում Եղեռնի և դրան հաջորդած տարիների գաղթաշխարհի հայ կյանքի կարևոր իրադարձությունների վրա: Պերճ Թերզյանը հայտնեց, որ հավաքածուի թվայնացումն իրականացվել է ՀԲԸՄ Կահիրեի “Սաթենիկ Չաքր” հիմնադրամի միջոցներով: Տեղին է հիշել նաև, որ հայ մամուլի ջերմ պաշտպան Պերճ Թերզյանը 2009-ի հոկտեմբերին հրատարակեց “Ինչպէ՞ս տօնուեցաւ հայ պարբերական մամուլի 200-ամեակը Եգիպտոսի մէջ” գրքույկը` թղթին հանձնելով Եգիպտոսի նման փոքրաթիվ գաղութում հայ մամուլի երկրորդ հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպ-ման մանրամասները: Ձեռնարկին ներկա էր նաև ՀԲԸՄ Հաաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, որը, շնորհավորելով գրադարանի ողջ անձնակազմին տոնի առիթով, իր գոհունակությունը հայտնեց, որ հակառակ բազմաթիվ դժվարությունների հայ գրքի հանդեպ երիտասարդության սերն ու հետաքրքրությունը օրըստօրէ աճում է և գրականության թվայնացումն ու տեղեկատվական այլ ժամանակակից միջոցների օգտագործումն էլ ավելի է նպաստում, որ հայ երիտասարդը վերստին իր ձեռքը վերցնի հայ գիրքը: