Articles

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԴՈԿՏ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ սփյուռքի նախարարության “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի շրջանակներում Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը հունիսի 28-ին մեկնարկեց գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին 90 պատվիրակ 20 երկրներից և 50 գրող Հայաստանից ու Արցախից: Համաժողովն անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) աջակցությամբ: Համաժողովի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դոկտ. Երվանդ Զորյանը և ուրիշներ: Ողջունելով համագումարի մասնակիցներին` Դոկտ. Երվանդ Զորյանն անդրադարձավ հայ գրի ու գրականության պաշտպանությանն ուղղված ՀԲԸ Միության ավելի քան մեկդարյա գործունեությանը: Նա հայ գրականությունը համարեց հայոց միջնաբերդը, իսկ գրողներին ու մտավորականությանը` միջնաբերդի պաշտպանները: Խոսելով մանավանդ վերջին 20 տարիների ընթացքում հայ գրականության զարգացմանն ուղղված ՀԲԸՄ ծրագրերի մասին` Երվանդ Զորյանը հիշեց միության նախաձեռնությամբ սփյուռքահայ օտարագիր գրողների ստեղծագործությունների ու պատմաբանասիրական ժողովածուների հրատարակման աջակցությունը, գրահրատարակչական գործի զարգացման նպատակով Հայաստանի գրողների միության “Լևոն Զ. Սյուրմելյան” տպագրատան հիմնումը, գրողների համահայկական համաժողովների հովանավորումը և իրագործված այլ ծրագրեր: Դոկտ. Զորյանը խոսեց նաև ժամանակակից պահանջների բավարարման մտահոգությամբ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների գործարկմամբ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում տարբեր լեզուներով հայ գրականության դասավանդման, Հայաստանի ամերիկյան համալսարանում ու Փարիզի Նուբարյան մատենադարանում հայ գրականության նյութերի ու արխիվների թվայնացման, ինչպես նաև անգլիատառ “Արարատ” գրական ամսագրի էլեկտրոնային տարբերակի հրատարակման մասին: Իր խոսքի ավարտին Երվանդ Զորյանը հաջողություններ մաղթեց համաժողովի աշխատանքներին: