Articles

"ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Հուլիսի 3-5-ը, Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած “Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում” համահայկական համաժողովը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից ու Երևանից ժամանած արևմտահայերենի մասնագետներին կոչ արեց համախմբել հայկական ներուժը` նշելով, որ ավելի քան 170,000 հայ աշակերտ այսօր սովորում է սփյուռքում և վաղուց արդեն հրամայական է դարձել համահայկական դասագրքերի ստեղծումը: Ելույթի ավարտին նախարարը կոչ արեց նաև մի կողմ դնել մասնագիտական տարաձայնությունները և համախմբվել սփյուռքի մեր հայրենակիցների համար տարրական, միջին և ավագ մեկօրյա և ամենօրյա դպրոցների դասագրքեր պատրաստելու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Ի թիվս Հայաստանից և սփյուռքից ժամանած արևմտահայերենի մասնագետների և ուսուցիչների, համաժողովին մասնակցեց նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը, որը ներկայացրեց համալսարանի կրթական համակարգի հնարավորությունները և ուսումնական ծրագրերը: Նա նշեց, որ ՀՎՀ-ի նպատակն է օգնել ուսանեղներին օնլայն կրթության միջոցով ձեռք բերել հայագիտական առարկաների հիմնարար գիտելիքներ: Մասնակիցների թվում էին նաև ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը և ՀՎՀ կրթական տնօրեն Հասմիկ Խալափյանը: Պերճ Թերզյանը, որ նախագահեց համաժողովի հուլիսի 4-ի երրորդ նիստը, ներկայացրեց եգիպտահայ համայնքում հայեցի դաստիարակության վիճակի մասին զեկուցում: Նա առաջարկեց վերանայել դասավանդման եղանակները, ստեղծել ուսուցիչների վերապատրաստման կենտրոն ու կատարելագործել գոյություն ունեցող դասագրքերը: Համաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց համայնքների հայկական դպրոցների վիճակը, խոսեցին ուսուցիչների վերապատրաստման մեթոդների փոփոխության անհրաժեշտության, գոյություն ունեցող դասագրքերի անկատարության, դասաժամերի սակավության և այլ հիմնախնդիրների մասին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց առաջին անգամ կողք-կողքի հավաքված արևմտահայերենի մասնագետներին` նախարարության հրավերն ընդունելու և կարգապահ մասնակցության համար: "Սփյուռքը հավերժ ներկայություն է Հայաստանում և իր խոսքը պետք է հնչի Հայրենիքում: Այս դահլիճում մենք պետք է լսենք բոլոր մտահոգություններն ու տագնապները", նշեց նախարարը: Համաժողովի մասնակիցներն ընդունեցին հայտարարություն և ձևավորեցին հանձնախումբ, որը լծվելու է արևմտահայերենի միասնական դասագրքերի նախապատրաստման աշխատանքին: