Articles

ՀԲԸՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ կրթության նախարարության կազմակերպած համահայկական կրթական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում էին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի փոխտնօրենուհի դոկտոր Էլլի Անդրեասյանը, նույն վարժարանի Հոգաբարձության կրթական հանձնախմբի ատենա-պետուհի և “Պապայեան” մանկավարժական հիմնարկի դասախոս Սիլվա Կարայանը և հայոց լեզվի ուսուցիչ, “Նոր Օր” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մինաս Գոճայանը: Համաժողովը տեղի ունեցավ օգոստոսի 13-17-ը: ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին սփյուռքահայ համայնքներում հայեցի կրթության խնդիրները: Օգոստոսի 10-ին նրանք հանդիպում ունեցան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, քննարկեցին կրթության և հատկապես սփյուռքահայ համայնքների համար հայոց լեզվի և գրականության միասնական դասագրքի ստեղծման հարցերը: ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի պատասխանատուները օգոստոսի 17-ին այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ծանոթացան հայկական վիրտուալ համալսարանի գործունեությանը: Կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում, հյուրերն այցելեցին նաև Հայաստանի ամերիկյան համալսարան: