Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց տեղի հայ երիտասարդների, ուսանողների, «Նոր սերունդ» հայկական երիտասարդական միության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպել էր «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը: Կարճատև բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության ներկայացուցիչ Սեդրակ Քալաշյանը: Այնուհետև Դոկտոր Զորյանը ներկայացրեց ՀԲԸ Միության գործունեությունը, կրթական և երիտասարդական ծրագրերը` մասնավորապես խոսելով ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնության` Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) մասին: ՀԲԸՄ ՀՎՀ-ն պաշտոնապես մեկնարկել է 2009 թվականի հունիսին եւ իր արժանի տեղը գրավել ՀԲԸՄ բազմաբնույթ երիտասարդական եւ կրթական ծրագրերի շարքում, որոնք միությունը, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին, ավելի քան 100 տարի շարունակ իրականացնում է աշխարհի հայաշատ համայնքներում: ՀԲԸՄ ՀՎՀ-ի ծրագիրը Մոսկվայի հայ համայնքին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին` արժանանալով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջերմ ընդունելությանը, ով հայտնել էր իր պատրաստակամություն`ՙ աջակցելու ՀԲԸ Միության Ռուսաստանում իրականացվելիք ծրագրերին: Հանդիպման ընթացքում դոկտոր Երվանդ Զորյանը նշեց, որ այսօր ՀՎՀ-ի ուսումնական ծրագրից օգտվող երիտասարդների շրջանում ՌԴ-ից գրանցված երիտասարդները տոկոսային համադրությամբ առավելություն են կազմում մյուս հայաշատ համայնքներից գրանցված ուսանողների թվի նկատմամբ, եւ իր համար զարմանալի չի լինի, եթե այդ թիվը առաջիկայում կրկնապատկվի: Այդուհանդերձ նա նաև նշեց, որ ոչ բոլոր հայկական համայնքներն են, որ ունեն հայկական կիրակնօրյա դպրոցներ, և հենց այդպիսի համայնքներում է, որ կարևորվում է ՀՎՀ-ի դերը: Ողջ հանդիպման ընթացքում Սեդրակ Քալաշյանը և համայնքի ակտիվ անդամներից Վահան Բաբախանյանն օգնեցին դոկտոր Զորյանին թարգմանության հարցում: Սանկտ Պետերբուրգի հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց միության ծրագրերի հանդեպ, որոնք վստահաբար իրենց ազդեցությունը պիտի ունենան կրթամշակութային հարուստ պատմություն ունեցող համայնքում: Հանդիպման վերջում Դոկտոր Զորյանը սիրով պատասխանեց ներկաների բարձրացրած բոլոր հարցերին: Փակման խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Նշան վարդապետ Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Այցի ընթացքում դոկտոր Զորյանը ծանոթացավ նաև տեղի հայ համանքի գործունեությանը, առկա խնդիրներին, այցելեց կիրակնօրյա հայկական դպրոց և հայկական եկեղեցի, որտեղ ներկա գտնվեց սբ. Պատարագի:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: