Articles

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԲԱՐԵՐԱՐ ՍԱՐԳԻՍ ԲԵԴԵՎՅԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 23-ին, Վանաձորի Դիմաց թաղամասում կայացավ Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող հայորդաց տան նորակառույց շենքի օծման հանդիսավոր արարողությունը: Ամերիկահայ բարերարներ Սարգիս և Ռութ Բեդևյանների նվիրատվությամբ կառուցված գեղեցիկ շինության օծման արարողությունը կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վեց հայորդաց տներից երեքը գործում են Երևանում (Արաբկիր, Նոր Նորք և Մալաթիա), իսկ երեքը` մարզերում (Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին): 20 տարուց ավելի տնակային պայմաններում գործող Վանաձորի հայորդաց տունն ունեցավ իր գեղեցիկ մասնաշենքը, ուր արդեն իսկ հաճախում է 400 երեխա: Շինարարական աշխատանքներն սկսել էին 2007թ.: Շուրջ 3500 քմ տարածք ընդգրկող շենքը լիովին կահավորված է, ունի 16 դասասենյակ, երկու ընդարձակ դահլիճ, մեկ սպորտային դահլիճ, բասկետբոլի և թենիսի բացօթյա խաղադաշտեր և կաթսայատուն: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները շրջեցին մասնաշենքում և ծանոթացան երեխաների համար ստեղծված պայմաններին: Հանդիսությունների դահլի-ճում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց օծման արարողություն, որից հետո ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: “Վաղուց էինք սպասում այս գեղեցիկ ու հիշարժան օրվան, երբ հայորդաց տան նորակառույց շենքն իր դռները կբացեր մեր զավակների առջև", ասաց թեմի առաջնորդը վանաձորցիներին ուղղված իր խոսքում: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Հայորդաց տների հոգեվոր տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն իրենց ելույթներում երախտիքի խոսքեր ասացին բարերարներ Սարգիս և Ռութ Բեդևյաններին: Ներկաները հոտընկայս ծափերով ողջունեցին տեր և տիկին Բեդևյաններին, որոնք ևս շնորհավորեցին բոլորին և շնորհակալական խոսքեր ասացին բոլոր նրանց, ովքեր իրենց վաստակն ունեին իրականացված աշխա-տանքներում: “Ինչու՞ չունենանք, ինչու՞ երեխաները թողնեն երկիրն ու գնան: Յուրաքանչյուր հայորդաց տուն կարող է հաճախել 750-1000 երեխա: Ահա, վայելեք և լավ պահպանեք”, ասաց Սարգիս Բեդևյանը: Հանդիսության վերջում իրենց երգով ու պարով ներկաներին ողջունեցին Վանաձորի և Նոր Նորքի հայորդաց տների սաները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: