Articles

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԼԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Նոյեմբերի 14-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի 24 անդամներ “Ֆուլեր” կենտրոնի աշխատակիցների հետ միասին մեկնեցին Գեղարդ համայնք օգնելու Կարապետյանների ընտանիքին և ավարտին հասցնելու նրանց կիսակառույց տունը: Վեց հոգուց բաղկացած ընտանիքը շուտով կտոնի իր բնակարանամուտը: “Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի”, “Թուֆենկյան”, “Հայ Ձմեռ Պապ” բարեգործական հիմնադրամների և “Վիվասելի” աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում բնակվող Կարապետյանների ընտանիքի համար գնվել էր տնամերձ հողատարածք: Այդ հողատարածքի վրա Կարապետյանները սկսել են կառուցել վաղուց երազած տունը: Տարիներ շարունակ Սենիկ կարապետյանն իր կնոջ և 4 երեխաների հետ բնակվում է Գեղարդ գյուղի կիսախարկուլ տնակներից մեկում, որը ժամանակին իրենց հատկացրել է գյուղապետարանը: “Ընդամենը ունեցել եմ էս մի տնակը, այն էլ` գյուղապետարանն էր հատկացրել: Ձմռան ցրտին ջուրը կատում էր ներս ու սառում: Մեր ամենամեծ երազանքը եղել է մեր տունն ունենալը”, ասաց Սենիկ Կարապետյանը: Մի շարք կազմակերպություններ, տեղեկանալով ընտանիքի սոցիալական վիճակի մասին, համատեղել են ուժերը և օգնելու նպատակով երկարաժամկետ անտոկոս փոխառություն տրամադրել ընտանիքին: Սկզբում գնվել է հովատարածքը, հետո սկսել են կառուցել տունը: Շինարարությունն ավարտին հասցնելու համար նորից միջամտել են նախաձեռնող կազմակերպություններն ու ՀԲԸՄ ԵԱ կամավորները: Տան շինարարությանը ակտիվորեն մասնակցում է նաև Կարապետյանների ավագ որդին, որն այժմ ծառայում է հայոց բանակում: Ընտանիքը փորձում է շինարարություն ավարտել նախքան որդու բանակից տուն վերադառնալը: 2000 թվականից ի վեր Ֆուլեր ընկերությունն աջակցել է ավելի քան 500 ընտանիքների: Արդեն երրորդ տարին է ՀԲԸՄ-ն համագործակցում է Ֆուլեր կենտրոնի հետ և կառուցում տներ Հայաստանի տարբեր շրջաններում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: