Articles

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հովանավորել է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Երկրորդ Օլիմպիադան

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 20,000 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ հովանավորել է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Երկրորդ Օլիմպիադան:Այն նախաձեռնել է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության հետ համատեղ: Իր ամենօրյա աշխատանքով ու վերահսկողությամբ հատկապես մեծ է հայտնի գրոսմաստեր, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ներդրումն այս օլիմպիադայի կազմակերպման գործում: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես Առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ: Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: Օլիպիադան կանցկացվի Երևանում և Հայաստանի մարզերում սույն թվականի փետրվար-մայիս ամիսներին: Օլիմպիադայի մրցումներն անց են կացվում չորս փուլով և կազմված են ներդպրոցական, համայնքային, մարզային և եզրափակիչ փուլերից: Եզրափակիչ խաղը տեղի կունենա Երևանում` Շախմատի տանը: ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցները ստացել են ընդհանուր հաշվով 1400 շախմատ: Նվիրաբերված գումարի մյուս մասը կօգտագործվի երկրորդ և երրորդ փուլեր անցած 60 մասնակիցներին շախմատային հանրագիտարաններով, իսկ եզրափակիչի 12 հաղթողներին համակարգիչներով պարգևատրելու համար: ՀՀ բոլոր տասը մարզերից, հիմնականում մարզպետարանների կրթության և սպորտի վարչության ներկայացուցիչներ, այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն ստորագրելու եռակողմ պայմանագիր և նվիրաբերված շախմատները մարզադպրոցներ տանելու համար: Ներկայացուցիչներին տրվեցին նաև ՀԲԸՄ ամսագրեր և բրոշյուրներ` նպատակ ունենալով բարձրացնել ՀԲԸՄ-ի Հայաստանում և աշխարհի այլ երկրներում իրականացվող ծրագրերի մասին հանրության տեղեկացվածության մակարդակը:

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: