Articles

ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Քոլեջ

Հայկական Վիրտուալ Քոլեջը (ՀՎՔ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական ձեռնառկներից է, որը լիովին նոր մոտեցմամբ կշարունակի Միության երկարամյա նվիրվածությունը կրթությանը: ՀՎՔ-ն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն կտա ստանալ հայկական կրթություն անկախ իրենց տարիքից, ապրելավայրից ու գիտելիքների մակարդակից: Վիրտուալ կրթության բնագավառում վերջին զարգացումների օգնությամբ այն կստեղծի վիրտուալ ուսունողների ցանց, որը կզարգացնի մշակութային կրթությունը և սոցիալական հարաբերությունները, որոնք այլապես անհասանելի են Սփյուռքի ուսանողների մեծամասնության համար: Երե վիրտուալ ինստիտուտը ամենայն հավանականությամբ շեշտը դնում է այն հայերի վրա, որոնց համար անհասանելի են հայկական կրթական ծրագրերը, ապա ՀՎՔ-ն լրացուցիչ կրթության հնարավորություն կտա նաև բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ հաճախում են ավանդական հայկական ուսումնական հաստատություններ: Հեռակա ուսուցման ծրագիրը ոչ միայն հասանելի կլինի սփյուռքի ուսանողության ավելի լայն շրջանակների, այլ նաև ժամանակակից մուլտիմեդիա ռեսուրսների օգտագործման հնարավորություն կընձեռի նաև ավանդական հայկական կրթական համակարգում ընդգրկված ուսանողներին և դասախոսներին: Հայկական Վիրտուալ Քոլեջ ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելիի մասնաճյուղի կողմից, որը վաղուց էր նկատել նոր կրթական ծրագրի անհրաժեշտությունը, որն ավելի լավ կբավարարեր սփյուռքահայության պահանջները և ավելի գրավիչ կլիներ այսօրվա ուսանողության համար: Այդ ժամանակվանից ի վեր ծրագրի հիմքում ընկած տեխնոլոգիաները սկսեցին լայնորեն զարգացվել Հայաստանում` Երևանի Պետական Համալսարանի գիտնականների և ինժեներների հետ համատեղ: Համաժամանակյա (սինխրոն) և տարաժամանակյա (ասինխրոն) տեխնոլոգիաների միջոցով, վիրտուալ քոլեջը ուսանողներին հնարավորություն կտա սովորել նոր նյութեր իրենց իսկ ընտրած ժամանակահատվածում, բայց նաև շփվել դասախոսների և դասընկերների հետ դեմ-առ-դեմ աշխատանքի ժամանակ: Ամենշաբաթյա դասախոսություններից բացի ուսանողները հնարավորություն կունենան նաև օգտվել մուլտիմեդիա ուսումնական նյութերից, խաղերից, առաջադրանքներից, դասընթացների օրացույցից, դասացուցակներից, հարցաշարերից և օրագրերից: Ավելին, տարբեր ֆորումներն ու կենդանի շփման տարբերակնեկները կմեծացնեն դասընկերների հետ շփվելու և աշխարհով մեկ սփռված հայերի հետ ընկերական հարաբերություններ կառուցելու հնարավորությունները: ՀՎՔ-ն այժմ բաղկացած է երեք բաժիններից` լեզու, պատմություն և մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթացներ: Աշխարհով մեկ հայկական կրթության հասանելիությանն սահմաններն ընդլայնելու այս ծրագրի նպատակն իսկապես իրականացնելու համար այն դասընթացներ է առաջարկում վեց տարբեր լեզուներով` հայերեն (արևմտյան և արևելյան), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն: Ուսանողներն իրենց ընտրած յուրաքանչյուր դասընթացի համար կարող են միավորներ հավաքել, որն ի վերջո նրանց կհասցնի ինստիտուտից դիպլոմ ստանալուն: Դեռ ավելին, ուսանողները կարող են ՀՎՔ-ից իրենց հավաքած միավորները փոխանցել աշխարհի տարբեր համալսարաններ և կրթական հաստատություններ: Պաշտոնապես բացվելով 2009-ի հունվարին` ՀՎՔ-ն պատրաստ է հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք տասնամյակներ շարունակ ծառացել են սփյուռքահայության առջև: Ստեղծվում է մի նոր հայկական դասարան, որը հասանելի կլինի յուրաքանչյուր հայի, ցանկացած ժամանակ, ցանկացած տեղ:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: