Articles

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել գրահրատարակչական գործին։ 2007 թ. Միությունը ֆինանսավորել էր Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Գ հատորի, ինչպես նաև «Բանբեր Մատենադարանի» հրատարակությունները։ Միության աջակցության շնորհիվ լույս են տեսել հայ գրականության ժամանակակից արձակի, պոեզիայի ու թատերգության անգլերեն թարգմանությունների ժողովածուները։ Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հետ համա-գործակցությամբ` Միության ֆինանսական հատկացումների շնորհիվ հրատարակվել են սփյուռքահայ հայտնի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» և «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գործերի հայերեն թարգմանությունները և Էդուարդ Մելքոնյանի` ՀԲԸՄ-ի պատմությանը նվիրված ռուսերեն աշխատությունը։ Հրատարակության է պատրաստվում ու շուտով լույս կտեսնի նաև Ավետիք Իսահակյանի երկերի գիտական 2-րդ հատորը։ Շարունակելով իր ավանդական աջակցությունը մշակութային տարբեր ծրագրերի` ՀԲԸՄ-ն, Հայաստանի գրողների միության հետ համատեղ, նախաձեռնեց ամերիկահայ անվանի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի անվան տպագրատան հիմնումը։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու տպագրական մեքենաները ձեռք են բերվել ՀԲԸՄ «Լևոն Զ. Սյուրմելյան» հիմնադրամի միջոցներով։ Տպագրատան բացումը տեղի ունեցավ 2009 թ. նոյեմբերի 3-ին։ Հայ գրականության զարգացմանն ուղղված իր ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Երևանում գումարված Հայ գրողների համահայկական համաժողովներին։