Articles

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՏՈՒՆ

Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը և Դիվանատան կառուցման բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը: Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները և հանդիսության հրավիրյալները մուտք գործեցին Դիվանատան շենք, ուր կատարվեց Նորամուտի արարողություն, ապա Դիվանատան սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները: Հավարտ համերգի Հայակական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց Նազարյան ամուսիններին` նշելով, որ 400 տարվա պատմություն ունեցող Նազարյանների ընտանիքն այսօր էլ ի դեմս Նազար և Արտեմիս Նազարյանների շարունակում է ընտանեկան բարի ավանդույթը` իրենց բարեգործություններով զորակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Հայրենիքին և Սփյուռքի տարբեր գաղթօջախներին: Այնուհետև մեծարյալներին իր օրհնությունը և գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Նազարյան ընտանիքի բարեգործ ոգուն և հայրենաշեն ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև ընդգծեց նորակառույց Դիվանատան կարևոր նշանակությանը Մայր Աթոռի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում: -Ուրախ ենք, որ այդպիսի արժանավոր հայորդիներ ունենք, ովքեր գիտեն նվիրաբերել և ընծայաբերել Աստծուց իրենց պարգևած բարիքներն ազգին, Հայրենիքին և Առաքելական Մայր Եկեղեցուն: Շնորհիվ այդպիսի զավակների է, որ շենանում, պայծառանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգային մեր կյանքը, - ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց շենքը նախագծած ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին, “Հորիզոն 95” շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին և Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին: Վերջում իրենց սրտի խոսքն ասացին Նազար և Արտեմիս Նազարյանները: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Տ. Արարատ եպս. Գալթագճյանը, ՀԲԸՄ վարչության անդամներ և բարերար հայորդիներ:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: