Articles

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ -ՓՈՒԼ 2

Դր. Չաք Հաջինյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների և ՀԲԸՄ բարեկամների մասնակցությամբ վերջերս կազմակերպվել էր նվիրահավաք օգնելու Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաներին: Ավելի քան 60 հյուրերի ներկայությամբ հանգանակվել էր 6,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի առաջին փուլում հանգանակված գումարի մի մասով մանկատան երեխաների համար ձեռք էին բերվել բարձեր, վերմակներ և այլ անկողնային պարագաներ: Նոյեմբերի 12-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել էին Գյումրի և մանկատանը հանձնել գնված պարագաները` արժանանալով մանկատան աշխատակիցների ու երեխաների` ամերիկահայ նվիրատուներին և ՀԲԸՄ-ին ուղղված շնորհակալության և երախտիքի խոսքերին: Ծրագրի երկրորդ փուլում, հանգանակված գումարի մնացած մասով, մանկատան երեխաների համար գնվեցին սպորտային համազգեստներ և կոշիկներ: Դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցները կրկին անգամ այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն և ըստ նախապես ճշտված ցանկի մանկատան 69 երեխաներին հանձնեցին գեղեցիկ փաթեթավորված սպորտային հանազգեստներն ու կոշիկները` որպես Ամանորյա նվերներ ՀԲԸՄ-ի բարեկամների կողմից: Նվիրատուները պայմանավորվեցին շարունակական դարձնել այս ձեռնարկն ի նպաստ հայրենիքի: