Articles

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը հանրաճանաչ գրողին

Դեկտեմբերի 14-15-ը, Երևանում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը Հայաստան էր բերել ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Փիթեր Բալաք-յանին: "Ցեղասպանության հանցագործությունը. կան-խարգելում, դատապարտում և հետևանքների վերացում" խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Աշխարհի ավելի քան 20 երկրներից ժամանած նշանավոր ցեղասպանագետներ մասնակցեցին այս գիտաժողովին. Իվ Տերնոն (Ֆրանսիա), Լեանդրո Դեսպուի (Արգենտինա), Իսրայել Չառնի (Իսրայել),Դոնն ա-Լի Ֆրիզ (Ավստրալիա), Վիլյամ Շաբաս (Իռլանդիա), Ֆրանսուա Ռոլան դյու Վիվիե (Բելգիա), Թաներ Աքչամ (ԱՄՆ/Գերմանիա), Ռիչարդ Հովհաննիսյան (ԱՄՆ), Թեսսա Հոֆման (Գերմանիա), Այման Աբդել Ազիզ Սալամա (Եգիպտոս), Ֆրենք Չոք (Կանադա), Մաթիաս Բյորնլանդ (Դանիա), Մոհամմեդ Ռիֆաթ (Եգիպտոս), Թեոֆանիս Մալկիդիս (Հունաստան), Ռուբեն Սաֆրաստյան (Հայաստան), Էնցո Մարիա Լե Ֆեվր (Իտալիա/Հունգարիա), Տեցուշի Օգատա (Ճապոնիա), Տիգրան Կույումջյան (ԱՄՆ/Ֆրանսիա), Էնթոնի Հոլսլախ (Նիդերլանդներ), Արմեն Մարսուբյան (ԱՄՆ), Փիթեր Բալաքյան (ԱՄՆ), Վաիլ Նիկոլաս Կեյր (Լիբանան), Սեդա Պարսամյան (Հայաստան): Միջազգային գիտաժողովի մասնակիցներին դեկտեմբերի 15-ին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորեց ու խրախուսեց նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում: Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացան հայ ժողովրդի հոգևոր արժեքներին: Դեկտեմμերի 16-ին, գիտաժողովին մասնակցող ամերիկահայ անվանի գրող Փիթեր Բալաքյանը Հայաստանի գրողների միությունում ներկայացրեց Միացյալ Նահանգներում վերջին տարիներին հրատարակած գրքերը, ինչպես նաև "Լույսի տխուր օրերը" բանաստեղծությունների հայերեն ժողովածուն: Նույն օրը երեկոյան Բալաքյանը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան սրահում: Բալաքյանն իր գրչակցի` "AGBU News" պարբե-րականի խմբագրի տեղակալ Արիս Սևակի հետ թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր` Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի "Հայկական Գողգոթա" խորագրով ծավալուն հուշագրությունը, որը և ներկայացրեց դասախոսության ընթացքում: Գրիգորիս եպիսկոպոսը մեկն էր այն 250 մտավորականներից, որոնք ձերբակալվեցին 1915թ. ապրիլի 24-ին, և որոնցից շատ քչերին հաջողվեց փրկվել: "Այս գիրքը շատ մեծ արձագանք է գտել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում` Լոնդոնում, Երուսաղեմում, Տորոնտոյում և այլուր", ասաց Բալաքյանը: Առաջին անգամ Բալաքյանը Հայաստան էր եկել վեց տարի առաջ ՀԲԸՄ նախաձեռնությամբ` մասնակցելու Արտեմ Հարութ-յունյունի թարգմանությամբ և ՀԲԸՄ հովանավորությամբ հրատարակված իր "Ճակատագրի սև շունը" գրքի շնորհանդեսին: ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության շնորհիվ անցնող տարիներին հրատարակվել են նաև Բալաքյանի "Այրվող Տիգրիս" և "Հայկական Գողգոթա" գրքերը: 8 գրքերի հեղինակ Բալաքյանն արժանացել է տարբեր հեղինավոր մրցանակների: 2004թ. լույս տեսած "Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը" փաստավավերագրական աշխատությունը New York Times-ը ճանաչել էր "Տարվա նշանակալից գիրք": 1998-ին "Ճակատագրի սև շունը" հուշագրությունը ճանաչվել էր "Տարվա լավագույն գիրք" LA Times-ի կողմից: "Ես բերել եմ իմ "Ճակատագրի սև շունը"` ավելացնելով երկու կարևոր գլուխ նվիրված Դեր Զորին: Երբ գնացի այնտեղ ֆիլմ նկարահանվեց, և այն սկսվում է անապատային ավազներից հայերի ոսկորների հանման տեսարանով: Դա էական փոփոխություն է գրքիս մեջ", նշել է անվանի գրողը: Այդ ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան և անգլիական հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում և շուտով ցուցադրվելու է նաև Հայաստանում: Անցած աշնանը Բալաքյանը հրատարակել է "Զիգուրաթ" խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ տեղ են գտել նրա հոգու արձագանքները` կապված նյույորքյան երկրնաքերերի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ: