Articles

ՀԲԸՄ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ ---"Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային" ծրագիրը ԼՂՀ-ում

Հունվարի 26-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջև ստորագրված համաձայնագրով սկիզբ դրվեց “Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային” (OLPC: One Laptop Per Child) ծրագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ծրագիրը կիրականացվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության, և ԼՂՀ կառավարության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է Ղարաբաղի միջնակարգ դպրոցներն ապահովել լափթոփ համակարգիչներով և, անլար ցանցի միջոցով, նաև ինտերնետով: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից: Այն միտված է զարգացող երկրների դպրոցականներին առաջնակարգ կրթական ծրագրերով հագեցած ժամանակակից համակարգիչներով ապահովելուն: “Համաշխարհային հանրությունը Լեռնային Ղարաբաղը դիտում է միայն պատերազմի և տարածաշրջանային հակամարտության համատեքստում: Մարդիկ մոռանում են այնտեղ ծնված և ապրող երեխաների մասին: Այս երեխաները նույնպես կրթության և տեղեկացված լինելու իրավունքն ունեն: Իմ նպատակն է այս ծրագրի միջոցով լրացնել այդ բացը և ԼՂՀ երեխաներին ապահովել լավագույն կրթությամբ, որն այսօր կարող է առաջարկել աշխարհը”, ասաց պարոն Էռնեկյանը: Պարոն Էռնեկյանը դիմել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը ծրագրի իրականացմանն աջակցելու խնդրանքով: ՀԲԸՄ-ն պարտավորվել է տրամադրել անհրաժեշտ աջակցություն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով: “Մենք բերում ենք կրթության և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման բնագավառում ունեցած մեր փորձը` ամբողջական դարձնելու այս ծրագիրը, պարոն Էռնեկյանի հետ միասին”, համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանը: ԼՂՀ կառավարությունը ողջունել է պարոն Էռնեկյանի նախաձեռնությունը և ներգրավել այս ծրագիրն իր կրթական համակարգում: ԼՂՀ կառավարությունը նաև պարտավորվել է Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերն ապահովել փոխկապակցված հեռահաղորդակցությամբ ծրագրի ազդեցության շրջանակն էլ ավելի ընդլայնելու նպատակով: Ստորագրման հանդիսավոր արարողությանը նախորդած հանդիպման ժամանակ պարոն Էռնեկյանն ընդգծեց, որ համաշխարհային հանրության պարտականությունն է ապահովել կրթության և տեղեկատվության հասա-նելիությունը աշխարհի բոլոր երեխաներին: Նա նաև նշեց, որ աշխարհասփյուռ հայերը պետք է անհատապես կամ կազմակերպությունների միջոցով իրենց ներդրումն ունենան մեր ազգի ապագա սերունդների կրթության գործում: “Այսօր, ես ցանում եմ այն սերմերը, որով ԼՂՀ երեխաները կներգրավվեն միջազգային հանրությանը: Նրանք արժանի են ստանալ նորմալ կրթություն և հասանելիություն համաշխարհային տեղեկատվությանը: Ես շնորհակալ եմ ՀԲԸՄ-ին ծրագրին միանալու իմ առաջարկն ընդունելու համար: Հուսով եմ, որ միասին մենք հաջողության կհասնենք ԼՂՀ-ում և հետագայում կընդլայնենք ծրագիրը նաև Հայաստանում` կազմակերպության համաշխարհային ցանցի աջակ-ցությամբ”, ասաց պարոն Էռնեկյանը:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: