Articles

ՊԵՐՃ ԵՎ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության և վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում՝ 1958 թվականին: Հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարերարությամբ Մայր Աթոռի արժանավոր զավակների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի և նրա տիկնոջ` Վերա Սեդրակյանի: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Վեհարանի նորոգության աշխատանք-ներին։ Նորոգության ընթացքում հայտնաբերվել են տարբեր ժամանակների շինարարության շերտեր, վաղ շրջանի կառույցներ, որոնք գիտնականների կողմից թվագրվել են 7-9-րդ և 12-13-րդ դարերով: Նորին Սրբությունը հայտնեց, որ դրանք անխաթար կպահպանվեն, իսկ հին Վեհարանի շենքը կպահպանի իր պատմաճարտարապետական հորինվածքը: Նորոգությու-նից հետո հին Վեհարանը կշարունակի գործել իբրև թանգարան: Վեհարանի պատմական կառույցի հարավ-արևմտյան մասում կառուցվում է կացարանային մասնաμաժին: Միասնական աղոթքից հետո Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընթերցեց այս առիթով կազմված հիշատակարանը, որում ասվում է. "...Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում եկեղեցանվեր ու ազգասեր հայորդյաց, որ սատար են լինում վերաշինությանը և բարեկարգմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայոց Սրբազան հոգևոր կենտրոնի: Թող Ամենակալ Տերն օրհնի բարերարներին և երկնաշնորհ հաջողություններ պարգևի նրանց բոլոր եկեղեցաշեն ու ազգանվեր բարի գործերին. ամեն": Նորին Սրբությունն արձանագրությունը զետեղեց շենքի հիմքում` մաղթելով, որ Աստված շեն ու պայծառ պահի Սուրբ Էջմիածինը և եռանդաշատ` Մայր Աթոռի միաբանությունը, որպեսզի այն պատվով և արդյունավորությամբ շարունակի իր սրբազան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Արա-րողությանը մասնակցում էին Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի միաբաններ և պաշտոնյաներ: