Articles

ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍՎԱԾ ՀՅՈՒՐ

Արդեն մոտ 20 տարի շարունակ Երևանում գործում են ՀԲԸՄ-ի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տները, որոնք վաղուց հաստատել են իրենց տեղն ու դերը մեր նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Հայորդյաց տներում կազմակերպվում են պատմության, լեզվի, համակարգչային գիտելիքների, արվեստի, երաժշտության, պարի, ձեռքի աշխատանքի և սպորտի ամենօրյա արտադասարանային ժամեր: Հայորդյաց տների կատարողական արվեստների խմբերը միշտ աչքի են ընկել իրենց բարձր վարպետությամբ և սպասված հյուր են տարբեր համերգների, հանդիսությունների, հոբելյանական երեկոների ու մրցանակա-բաշխությունների ժամանակ: Համառոտ վերջին ամիսների այն հիշարժան միջոցառումների մասին, որոնց մասնակցել են Հայորդյաց տների սաները: Տարեցտարի ավելի մեծ շուքով է Հայաստանում նշվում Սբ. Սարգսի տոնը: Այս տարվա փետրվարը հարուստ էր այդ տոնին նվիրված միջոցառումներով: Փետրվարի 19-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ մասնակցությամμ Նորքի հայորդյաց տան “Հայկազունք” ազգագրական երգի-պարի և “Արմեններ” դհոլահարների համույթների: Նույն օրը Վանաձորում, Գուգարաց թեմի նախաձեռնությամμ, տեղի ունեցավ տոնական համերգ և Հայորդյաց տան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Փետրվարի 14-ին, Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ զրույց-բանավեճ նվիրված Սբ. Սարգսի տոնին, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, Գևորգյան ճեմարանի սաներ: Փետրվարին Հայորդյաց տան սաները մասնակցեցին նաև “Տեառնընդառաջ” և “Բարեկենդան” տոներին նվիրված երթին և “Սուրբ Վարդանանց” տոնին նվիրված համերգին Երևանի պետական համալսարանում: Մարտի 13-ին, Նորքի Հայորդյաց տանը տեղի ունեցավ համերգ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Հայորդյաց տների “Նարեկ” պարային և “Նորք” կրկեսային համույթները վերջերս մասնակցել են նաև մի շարք թատերական միջոցառումների և գրական երեկոների, այդ թվում Թատրոնի միջազգային օրվան նվիրված “Արտավազդ” մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, և ականավոր բանաստեղծ Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին` Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Անցյալ տարեվերջին Մալաթիայի Հայորդյաց տան թատրոնի դասարանի սաները մասնակցեցին նաև “Նռան հատիկ” ամենամյա թատերական փառատոնին` Ա. Սանթրոսյանի “Սուտա-սանը” հեքիաթի բեմադրությամբ: Վերջերս, Մալաթիայի Հայորդյաց տան դհոլահարների և Արաբկիրի Հայորդյաց տան պարային համույթները հյուրընկալվեցին Հաղթանակ թաղամասի ծերանոցում, շփվեցին մեր տարեցների հետ և իրենց համերգային ծրագրով ուրախացրին նրանց: Այլ համերգների մասնակցելուց բացի Հայորդյաց տների կատարողական արվեստի խմբերն ունենում են նաև մենահամերգներ, որոնք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, ինչպես “Ա.Բաբաջանյան” սրահում տեղի ունեցած “Հայկազունք” համույթի և Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած “Նարեկ” համույթի մենահամերգները: Մարտի 27-ին տեղի ունեցած ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը մասնակցեցին նաև Հայորդյաց տան սաները: Կատարողական արվեստի խմբերից բացի հաջողությամբ հանդես են գալիս նաև Հայորդյաց տների սպորտային խմբերը: Վերջերս “Դինամո” մարզահամալիրում կազմակերպված ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարին մասնակցեցին Հայորդյաց տների ձյուդոյի և սամբոյի դասարանների սաները, գրավելով 1-ին և 3-րդ տեղերը: Սունդուկյանի անվան թատրոնում, ՄԱԿ-ի 65 ամյակին նվիրված համերգին, իրենց ելույթներով հանդիսատեսին ուրախացրին նաև Հայորդյաց տան “Նարեկ” պարային և “Արմեններ” դհոլահարների համույթները: Կազ-մակերպվեց նաև կիրառական աշխատանքների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա էին բարձ-րաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին Հայորդյաց տան սաների ելույթները` նշելով նրանց աշխատասիրությունն ու բարձր պատրաստվածությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցավ նկարչական միջոցառում Կարապի լճի հարևանությամբ, որին մասնակցեցին նաև Նորքի հայորդյաց տան սաները: Հայորդյաց տների հյուրընկալ դռները միշտ բաց են նաև օտարերկրացիների և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների առջև: Ամեն տարի Նորքի Հայորդյաց տանը հայկական ազգային պարերի դասընթացներ են կազմակերպվում նաև ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցների համար: Նորքի hայորդյաց տան կատարողական արվեստների խմբերը համերգներով հանդես են եկել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Լեհաստանում, Կանադայում, Ռու-սաստանում, Վրաստանում և Ուրուգվայում` ցուցադրելով իրենց հմտությունները տասնյակ հազարավոր հանդիսականների առջև: Հաջորդը Բեյրութն է, որտեղ նրանք համերգներով հանդես կգան Ապրիլի 1-9-ը: