Articles

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ

Մարտի 9-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթի 10) տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 22 լավագույն ուսանողներին գերազանցության վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համագործակցության շրջանակներում 2007 թվականից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՀ ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, որն իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին շարունակական աջակցության համար` հայտնելով, որ 2007թ.-ից ի վեր համալսարանի ավելի քան 100 ուսանողներ ՀԲԸՄ-ի կողից արժանացել են նմանատիպ աջակցության: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանը ներկայացրին Միության առաքելությունն ու ծրագրերը, հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում: "Չափանիշներն, ըստ որոնց ուսանողները ստանում են ֆինանսական աջակցություն, որոշվել են համատեղ և շատ պարզ են. նրանք պետք է լինեն փայլուն ուսանողներ և ապահովեն թվանշանների մինիմալ սահմանը: Այս տարի նրանց թիվը 22-ն է", ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: "Միության կրթական կողմնորուշումը մշտապես եղել է մեր երիտասարդ սերնդի զարգացմանն ու մրցունակ լինելուն օժանդակելը, որպեսզի մեր նոր սերունդը հասնի իր նպատակներին, պատրաստ լինի և կարողանա իր տեղը գրավել այսօրվա իրականության մեջ", ասաց ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանը: ՀՖՀ ռեկտոր Ժոել լը Մորզելեկն իր խոսքում նշեց, "Ինչպես մենք, այնպես էլ ՀԲԸՄ-ն առաջնորդվում է ուսանողների մասնագիտական ուղին հեշտացնելու քաղաքականությամբ և արդեն յոթ տարի է համագործակցում ենք այս բնագավառում: Այս տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն գերազանց սովորող ուսանողներին տրամադրել է կրթաթոշակ, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Մեր հարաբերությունները Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ շատ ջերմ են և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԲԸՄ-ի ողջ ղեկավարությանը: Նրանք մշտապես մեր համալսարանի կողքին են և աջակցում են մեզ": ՀԲԸՄ-ին իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև ՀՖՀ ուսանողները` նշելով, որ այն իրենց մեջ ավելի լավ սովորելու ձգտում է առաջացնում և չթաքցնելով իրենց ուրախությունն այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում իրոք գնահատվում և խրախուսվում է կրթությունը: "Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս լիովին կենտրոնանալ ուսման վրա և չմտածել, թե ինչպես պետք է վճարենք այդ ուսման համար", ասաց ՀՖՀ ուսանողուհի Աննա Մարդումյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, ՀՖՀ ուսանողներ, այլ պաշտոնյաներ և հյուրեր:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: