Articles

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադան մեկնարկեց 2010թ. աշնանը և արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության և գիտության նախարա-րությունն ու ՀԲԸՄ-ն: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձևի զարգացումը դպրոցականների շրջանում: Օլիմպիադային մասնակցում են դպրոցա-կաններ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից, ովքեր պայքարում են եզրափակիչ փուլի համար: Օլիմպիադայի I և II փուլերը տեղի ունեցան 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: III փուլը մեկ-նարկեց սույն թվականի մարտի 15-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Մարտի 24-25-ը, օլիմպիադայի 3-րդ փուլի շրջանակներում, Երևանի քաղաքա-պետարանում մրցեցին առաջին երկու փուլերում հաղթած Երևանյան 12 դպրոցների թիմերը: Հաղթող ճանաչվեց Ավանի թիվ 170 դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ մրցանակներին արժանացան Մալաթիայի թիվ 190 և Կենտրոնի թիվ 55 դպրոցների թիմերը: Այս երեք թիմերն էլ կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա առաջիկա մայիսին Դիլիջանում: Երրորդ փուլի հանդիպումները ներկայումս ընթանում են նաև հանրապետության մյուս մարզերում և Արցախում: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի միջոցով փորձ է արվում բարձրացնել շախմատի մասսայականությունը, ամրապնդել նրա դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Հանրա-պետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: Օլիմպիադայի անցկացմանը մեծապես աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4,000 շախմատի խաղատախտակներ ու 150 շախմատային ժամա-ցույցներ է բաժանել հանրապետության դպրոցներին, ինչն էլ նյութական հզոր բազա է ստեղծում այս սպորտաձևի զարգացման համար: Ինչպես նախորդ օլիմպիադաներում այս տարի նույնպես եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ կարժանանան համակարգիչների: Մրցույթին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այլ պաշտոնյաներ ու հյուրեր: