Articles

ՀԲԸՄ ՈւՐՈՒԳՎԱՅԻ "ԿՌՈՒՆԿ" ԵՐԳՉԱԽՄԲԻ "ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ" ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) «Կռունկ» երգչախմբի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը, որով և մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Համերգը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: 1993թ. հիմնադրված երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը, ով հանդիսանում է նաև Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը: Հարավային Ամերիկայի մի շարք հայաշատ քաղաքներում ելույթներով հանդես գալուց հետո «Կռունկ»-ը առաջին անգամ իր պատմության մեջ համերգներով հանդես եկավ նաև Հայրենիքում: Համերգին ներկա էին ՀՀ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի ոլորտի գործիչներ, բազմաթիվ սփյուռքահայեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Սիրով և ջերմությամբ ողջունում եմ Ուրուգվայից եկած մեր հայրենակիցներին: Մենք բոլորս սրտի տրոփյունով արտասանում ենք` «Կռունկ, ուստի կուգաս, կարոտ ենք ձայնիդ»: Շնորհակալ ենք «Կռունկ»-ին, որ կարողացել է պահպանել հայ արմատը, հայ ինքնությունը և հայ մշակույթը, որն արդյունք է Լատինական Ամերիկայի հայ համայնքների համախմբման, հայ ժողովրդի միասնության: Խորհրդանշական է, որ Ուրուգվայն առաջինն աշխարհում ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանության փաստը, որում մեծ դերակատարում ունի Ուրուգվայի հայ համայնքը: Երկար տարիներ երգչախումբը երգում է հայի և Հայաստանի մասին, իսկ նրանց սիրտը Հայրենիքում է»: Շնորհակալություն հայտնելով խմբի բոլոր անդամներին և ղեկավար Ալվարո Հակոբյանին` հայ մշակույթի տարածման և զարգացման, հայապահպանության և ստեղծագործական բեղուն գործունեության համար նախարար Հ.Հակոբյանը «Կռունկ» համույթին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Վ.Տիգրանյանի, Ա.Հեքիմյանի, Թ.Ալթունյանի, Խ.Ավետիսյանի, գուսան Շերամի, գուսան Աշոտի, գուսան Շահենի, Կոտոյանի, Տամատյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական և հայրենասիրական երգերի մշակումներ։Լեփ-լեցուն դահլիճի պահանջով և բուռն ծափողջյունների ներքո երգչախումբը ծրագրից դուրս կատարեց ևս մի քանի ստեղծագործություն: Երգչախմբի կատարումներն արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը` հուզիչ և խանդավառ մթնոլորտ ստեղծելով դահլիճում: «Կռունկ» երգչախմբի երկրորդ համերգը տեղի ունեցավ ապրիլի 28-ին Գյումրիի Արվեստների ակադեմիայի համերգասրահում: Համերգին ներկա էին բազմաթիվ երաժշտասերներ, մշակույթի ոլորտի գործիչներ, ուսանողներ: Համերգը ազդարարեց Գյումրիի «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների երրորդ միջազգային մրցույթ-փառատոնի սկիզբը: Երգչախմբի անդամները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով, այցելեցին մշակութային տարբեր օջախներ: Ապրիլի 24-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության անձնակազմի, ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամների և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի հետ միասին երգչախմբի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դնելու անմար կրակի մոտ: Ապրիլի 29-ին, «Կռունկ»-ն այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն: Հաջորդ օրը երգչախմբի անդամները հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչությունում, որտեղ տնօրեն Աշոտ Ղազարյանը համառոտ ներկայացրեց Միության Հայաստանում ծավալած գործունեությունը: Հյուրերը ծանոթացան նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ծրագրերին: Նույն օրը երեկոյան երգչախումբն այցելեց ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց Տուն` ներկա գտնվելու Հայորդյաց տան սաների պատրաստած համերգային ծրագրին: Մայիսի 2-ին, տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյաններն իրենց հյուրընկալ առանձնատանը հրաժեշտի երեկո կազմակերպեցին երգչախմբի անդամների համար:

 

 

Տեսանյութ

 

end faq