Articles

ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ- Հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան նեթբուքերի

Մայիսի 6-8-ը, Դիլիջանում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից երկուական, և ՀՀ մյուս բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ընթացող շախմատի հանրապետական համադպրոցական հինգերորդ օլիմպիադան մեկնարկել էր 2010 թվականի աշնանը: Եզրափակիչին ներկա էին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր: Ի տարբերություն նախորդ մրցաշարի, որտեղ առաջին երեք տեղերը զբաղեցրել էին մայրաքաղաքի դպրոցականները, այս տարի Երևանցիները կիսեցին երկրորդ (Երևանի թիվ 190 դպրոց) և երրորդ (Երևանի թիվ 55 դպրոց) մրցանակային տեղերը: Իսկ 5-րդ մրցաշարի հաղթող ճանաչվեց Վանաձորի թիվ 5 դպրոցի թիմը: Ի դեպ, Երևանյան երկու հաղթող դպրոցն երն անցյալ տարի նույնպես լավագույն եռյակում էին: Տարբեր խաղատախտակների վրա անհատական հաշվարկով լավագույններն էին Հովհաննես Գաբուզյանը (Երևանի թիվ 55 դպրոց), ով նաև անցյալ տարվա հաղթողն էր անհատական հաշվարկով, Արամ Պլուզյանը (Վանաձորի թիվ 5 դպրոց), Հայկ Ղազարյանը (Վանաձորի թիվ 5 դպրոց) և Ջուլիետա Ղազարյանը (Վարդենիկի կրթահամալիր): Օլիմպիադայի հաղթող թիմի չորս անդամները, ինչպես նաև անհատական հաշվարկով լավագույն արդյունք ցուցաբերած միակ շախմատիստուհին` Ջուլիետա Ղազարյանը Վարդենիկից և մինչև 10 տարեկանների շրջանում լավագույն արդյունք ցուցաբերած Մանե Ադամյանը Ստեփանակերտից օլիմպիադայի գլխավոր հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից արժանացան նեթբուք համակարգիչների: ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հաղթողներին պարգևատրեց մեդալներով: Եղան նաև այլ մրցանակներ ու նվերներ մրցաշարի մասնակիցներին: Օլիմպիադայի անցկացմանը մեծապես աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4,000 շախմատի խաղատախտակներ և 150 շախմատային ժամացույցներ է բաժանել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի դպրոցներին, ինչն էլ նյութական հզոր բազա է ստեղծում այս սպորտաձևի զարգացման համար: Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հովանավորում է շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան: Այն նախաձեռնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Իր ամենօրյա աշխատանքով ու վերահսկողությամμ հատկապես մեծ է հայտնի գրոսմայստեր, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ներդրումն այս օլիմպիադայի կազմակերպման գործում: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ: Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ տվյալ մարզաձևում` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դիրքերը շախմատի համաշխարհային մրցույթներում:

 

 

Տեսանյութ

 

end faq