Articles

Հ.Բ.Ը. Միության նախագահ Պերճ Սեդրակյանը մասնակցեց "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության" հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսությանը

Մայիս 31-ին Երևանի Առնո Բաբաջանյան սրահում տեղի ունեցավ "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության" հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսություն, որին ներկա էր նաև Հ.Բ.Ը. Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Կարագյոզյան հաստատության հիմնադրման 90-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել կազմակերպության Տնօրենների Խորհրդի նախագահ Մայքլ Հարությունյանը, ինչպես նաև ընկերակցության Նյու Յորքի, Լիբանանի, Սիրիայի և Հայաստանի կառույցների տնօրեններ, խորհրդի անդամներ և բարեկամներ: Ընկերակցության հիմնադրման 90-ամյակը ողջունեց Հ.Բ.Ը. Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, որ անդրադարձավ Կարագյոզյան ընտանիքի ազգային և բարեսիրական լայն գործունեությանը, հատկապես հիշելով Հ.Բ.Ը. Միության 1942-1953թթ. նախագահ Արշակ Կարագյոզյանի ազգանվեր գործունեությունը Համաշխարհային Երկրորդ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին, երբ Հ.Բ.Ը. Միությունը, Արշակ Կարագյոզյանի առաջնորդությամբ, գլխավորում էր պատերազմի աղետյալների, Հայաստանի օգնության և ներգաղթի կազմակերպման համար կազմակերպված ազգային հանգանակությունները: Հ.Բ.Ը.Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը դրվատեց Կարագյոզյան ընտանիքի երախտաշատ անդամներ Արշակ, Միհրան և Լեյլա Կարագյոզյանների նվիրյալ աշխատանքը, հատկապես Միության Միջին Արևելքի դպրոցների կառուցման և բարեկարգման ուղղությամբ: Պերճ Սեդրակյանը շեշտեց Հ.Բ.Ը.Միության և "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության" միջև գոյություն ունեցող համագործակցությունը և պատմական սերտ կապը: Նա նաև բարձր գնահատեց բարեսիրական այս հաստատության ծավալած գործունեությունը անցնող տասնամյակներում: "Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցությունը" հիմնադրվել է 1921-ին Նյու Յորքում, Հ.Բ.Ը.Միության նախագահ Արշակ Կարագյոզյանի եղբոր և քրոջ` Միհրան և Զաբել Կարագյոզյանների կողմից, հայ որբերին խնամելու, բուժելու և կրթելու նպատակով:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: